Պատերազմի հետևանքով քանի մարդ է ձեռք բերել հաշմանդամություն. մանրամասն վիճակագրություն` ըստ կարգերի

 «Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում 15 բժիշկներից կազմված խումբը գրեթե ամեն օր բժշկասոցիալական փորձաքննություն է իրականացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը:

Նրա փոխանցմամբ՝ վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տարի ունենում ենք 50-53.000 փորձաքննություն: 12-15.000-ը առաջնակի փորձաքննվողներն են:

 

«2021թ. ընթացքում փորձաքննվել է 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք, վիրավորում ձեռք բերած մոտ 2000 անձ, որի արդյունքում տարբեր խմբերի հաշմանդամություն է սահմանվել շուրջ 1500 անձի: 112-ին սահմանվել է առաջին խմբի հաշմանդամություն՝ երկու տարի ժամկետով, ևս 396 անձի սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն՝ մեկ տարի ժամկետով: 980 հոգի երրորդ խմբի հաշմանդամություն է ստացել: 102 հոգու հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ, քանի որ վերականգնման հեռանկարի բացակայություն է դիտվել»,- մանրամասնեց Ռիմա Եգանյանը:

Իսկ 2022թ. փետրվարի 1-ից առ այսօր իրականացվում է կրկնակի փորձաքննություն:

 

«Իրականացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք և վիրավորում ստացած 440 անձի բժշկասոցիալական փորձաքննություն: Թիվը մինչև օրվա վերջ կարող է փոխվել, որովհետև 15 տարածքում ամեն օր լինում է փորձաքննություն: 440 անձից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 183 անձի, երկրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 60 անձի: Մնացած բոլոր դեպքերում կամ 2-րդից իջեցվել է 3-րդ խմբի հաշմանդամություն, կամ հաշմանդամություն չի սահմանվել: Ընդհանուր թիվը՝ հաշմանդամություն չսահմանվածների, 120 անձ է, որը կազմում է 27.1 տոկոս: Եվս 80 անձ կա, որոնց հաշմանդամության ժամկետը լրացել է, սակայն այլևս չեն դիմել բժշկասոցիալական փորձաքննության, հնարավոր է՝ տարվա ընթացքում նորից դիմեն»,- նշեց Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետը:

 

Անդրադառնալով պատերազմի մասնակցած անձանց հարազատների դժգոհություններին, որ, օրինակ, ձեռքը կամ ոտքը կորցրել է, բայց խումբը վերանայում են, Ռիմա Եգանյանը պարզաբանեց, որ հաշմանդամության սահմանման չափորոշիչները հաստատելու կառավարության որոշման մեջ հստակ գրված են ժամկետները: Ըստ այդմ, առաջին խմբի դեպքում հաշմանդամություն սահմանվում է 2 տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի դեպքում՝ 1 տարի ժամկետով, հաշմանդամ երեխա կարգավիճակը՝ 2 տարի, 5 տարի, մինչև 18 տարին լրանալը: Կան դեպքեր, որ սահմանվում է անժամկետ:

Իսկ պատերազմի մասնակիցների մեծ մասին 2-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել, որպեսզի 1 տարվա ընթացքում օգտվելով վերականգնողական բժշկական օգնությունից, պրոթեզավորումից, կարողանան վերականգնվել և հասնել մի իրավիճակի, որը կհամապատասխանի իրենց հիմնական հաշմանդամության խմբին:

«Օրինակ, ստորին վերջույթների ամպուտացիաները մինչև ազդրի միջին մակարդակ, այսինքն, այն մակարդակը, որ հնարավոր է պրոթեզավորում իրականացնել, դա ըստ չափորոշիչի՝ համարվում է հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում, ինչը նշանակում է օժանդակ պարագայով տեղաշարժվելու կարողություն: Դժվարությամբ շարժվելու կարողություն»,- նշեց Ռիմա Եգանյանը:

Նա հայտնեց նաև, որ վերջին տարիներին՝ պայմանավորված կորոնավիրուսով, շատ քաղաքացիներ, ովքեր ունեցել են թեթև քրոնիկական հիվանդություններ, հիմա ունեն ծանր բարդություններ:

Բարձրացել է նաև նորագոյացություններով հիվանդացության մակարդակը: Վնասվածքների թիվը ևս ավելացել է՝ կապված և պատերազմի, և դժբախտ պատահարների հետ:

 

Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետը հավելեց, որ ՀՀ-ում բժշկասոցիալական փորձաքննության գործընթացն իրականացնում է միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչությունը: Վարչության գործառույթները երկուսն են. իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն և կազմակերպել աջակցող միջոցների համար պետական հավաստագրերի տրամադրման գործընթաց: Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է կոնկրետ նպատակներով, սահմանված է իրավական ակտերով: Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակումը որոշելու, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու համար, հաշմանդամություն չսահմանելու համար: Որոշվում է նաև ժամկետը, պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը և այլն: Հաշմանդամություն ունեցողն այն անձն է, ով հոգեկան, ֆիզիկական, մտավոր, զգայական, երկարատև խնդիրների պատճառով ունի հասարակական կյանքին մասնակցելու սահմանափակում, որն է՝ ինքնուրույն տեղաշարժվելը, սովորելը, աշխատելը, ինքնասպասարկվելը, հաղորդակցվելը:

Քաղաքականություն