Ռուս լրագրողը վաճառել է իր Նոբելյան մրցանակն ու հասույթը տրամադրել Ուկրաինային

 Ռուսական «Новая газета-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը Նյու Յորքում կայացած աճուրդում ռեկորդային 103,5 միլիոն դոլարով վաճառել է իր 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի հասույթը կտրամադրվի ուկրաինացի փախստական ​​երեխաներին օգնելուն: Այս մասին հաղորդվում է Heritage Auctions աճուրդի տան կայքում։ 

Աճուրդի ներկայացուցիչը չի նշել գնորդի ինքնությունը։ Սակայն, ըստ Politico-ի, 103,5 միլիոն դոլարով վաճառքը փաստում է այն մասին, որ գնորդը վճարել է 100 միլիոն շվեյցարական ֆրանկ, ինչը նշանակում է, որ մեդալը գնել է ոչ ԱՄՆ քաղաքացի։ 

Ինչպես ի սկզբանե նախատեսված էր, աճուրդը տեղի ունեցավ հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրը, որը դարձավ խորհրդանշական ժեստ, քանի որ ամբողջ հասույթը նախատեսվում էր փոխանցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ օգնելու ուկրաինացի երեխաներին, ովքեր ստիպված են եղել լքել երկիրը պատերազմի պատճառով։ 

Ըստ լրատվամիջոցի՝ Մուրատովի մրցանակը դարձել է Նոբելյան մեդալի ամենաթանկ վաճառքը։ Մինչ այս ռեկորդային գումար էր համարվում 2014 թվականի 4,8 միլիոն դոլարով ԴՆԹ-ի կառուցվածքը հայտնաբերած Ջեյմս Ուոթսոնի մրցանակի վաճառքը։ 


 

Քաղաքականություն