
Сбербанк-ը նույնպես կանջատվի SWIFT համակարգից. ԵԽ ղեկավար

Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է, ի թիվս այլ բաների, Сбербанк-ի անջատումը SWIFT-ից, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Պատժամիջոցների այս փաթեթը ներառում է նաև այլ կոշտ միջոցներ՝ ռուսական խոշորագույն Сбербанк բանկի SWIFT-ից անջատում»,- Twitter-ում Միշելի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ ռուսական ևս երեք պետական լրատվամիջոցների հեռարձակումը ԵՄ-ում կարգելվի։
Ապրիլի կեսերին Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարեց, որ արտասահմանյան 52 կազմակերպություններ արդեն միացել են SWIFT-ի ռուսական անալոգին՝ Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին:
Նաբիուլինան փետրվարին ասել էր, որ Ռուսաստանի ֆինանսական ենթակառուցվածքները կաշխատեն անխափան: Նրա խոսքով՝ ներքին ֆինանսական հաղորդագրությունների համակարգը կարող է փոխարինել SWIFT-ին։