ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են հայկական բեռնատարները հանվել Լարսում ընդհանուր հերթից․ ահազանգ
Լարսում սպասող վարորդներն անելանելի դրության մեջ են։ Ամիսներ տևած հերթերն ազդում են վարորդների ինչպես առողջության, այնպես էլ գրպանի վրա։ Auroranews ահազանգած վարորդներից մեկը նշում է, որ արդեն 1 ամսից ավելի է գտնվում է Լարսում՝ հսկայական հերթի մեջ։ Այս ամենի ֆոնին էլ վրացիները սնունդը շատ թանկ գնով են վարորդներին վաճառում։ Օրինակ՝ հացն արժե 3 (320 դրամ), ջուրը՝ 5 լարի (560 դրամ), իսկ վարորդների գրպանում եղած գումարն արդեն վերջանում է: Սակայն հիմնական խնդիրը սնունդը չէ: Ըստ ահազանգի՝ հայ վարորդներին փորձում են հեռացնել հերթից` նրանց ասելով, որ մեքենաները կայանեն ճանապարհից հեռու գտնվող մի հատվածում, որն ավելի մեծ խնդիրներ է առաջացնում նրանց համար։ Նրանք պատմում են, որ 17 կմ ձգվող հերթում հատուկ վերաբերմունք կա հայ, ռուս և բելառուս վարորդների նկատմամբ, իսկ հայ վարորդները այս պահին գտնվում են հերթից հեռու` աննկատ, բոլորի աչքից հեռու։
Հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը։
«Ես հստակ չգիտեմ, մեզ բերել են էստեղ՝ հերթից հեռու, ոչինչ չենք տեսնում, այստեղ մենակ հայեր են։ Իմ բեռնատարում լոլիկ ա բարձած ու փչանում է արդեն, բայց դա կապ չունի ու ոչ մի ազդեցություն։ Հայերին, ռուսներին ու բելառուսներին չեն թողնում շուտ անցնեն, 17 կմ հերթի մեջ սպասում ենք, թե մինչև երբ ՝ չգիտենք»,- ասաց բեռնատարի վարորդը։
Վարորդի խոսքով՝ իրենց պատասխան չեն տալիս, թե ինչու են միայն հայակական մեքենաները տեղափոխել մի հատված որը հեռու է հերթից։
«Մենք արդեն վաղուց ենք սպասում։ Հարցն այն է, որ մեզ մոտ շատ խնդիրներ կան։ Վարորդներ ունենք, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն ու իրենց համար ավելի դժվար է հերթում սպասելը։ Շաքարային դիաբետ ունեցող վարորդ ունենք, ում համար ամեն օր շտապօգնություն ենք կանչում։ Արհամարհանք կա»,- ասաց մեզ ահազանգած բեռնատարի վարորդը։
Auroranews-ը խնդրի մասով կապ հաստատեց Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արեն Առաքելյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ օգնություն կցուցաբերեն կամ ինչ հանգուցալուծում կգտնի օրերով Լարսում սպասող հայ վարորդների բողոքը։
Առաքելյանը վստահեցրեց, որ այս քանակությամբ հայկական մեքենա սահմանին երբևէ կանգնած չի եղել՝ վիճակն աննախադեպ է։ Նրա խոսքով` խնդիրը կապված է ռուսական կողմի անցակետի թողունակության հետ։
«Հատուկ կանգառներ կան, որտեղ բեռնատարները կանգնեցվել են դեռ նախորդ տարվանից։ Այդ կանգառները կահավորված չէին ու երբ ձյուն էր գալիս, կամ անձրև՝ մեքենաները թաղվում էին այդ հողաշատ ճանապարհի հատվածում։ Դրան հաջորդում էր խնդիրը՝ մեքենաներից մեկը թաղված էր լինում ու մյուսների հերթն էր հետ ընկնում, քանի որ չէին կարողանում այդ մեքենայից առաջ անցնել։ Հիմա որոշում է կայացվել մեքենաները կայանել մի այնպիսի տեղ, որտեղ նման խնդիրներ չեն լինի»,- ասաց Առաքելյանը։
Հյուպատոսի խոսքով՝ վրացական կողմի հետ խոսելուց հետո է որոշվել, որ բեռնատարները կանգնեն ճանապարհի մյուս հատվածում, որտեղ կարողանում են կանգնել անգամ երեք գծով՝ ինչը նպաստում է, որ հերթը չխախտվի։
«Վրացական կողմը մեզ հայտնեց, որ հին ճանապարհ կա, որը շրջանցող ճանապարհին է միանում և նշեցին, որ հարկադրված են այդտեղ էլ մեքենաներ կուտակել, քանի որ աննախադեպ հերթ կա։ Խնդիրը ռուսական կողմում է, այնտեղ սահմանային անցակետն են վերանորոգում, ինչը շատ է խանգարում։ Վրացական մաքսային ծառայությունն օրական մինչև 500 մեքենա կարող է բաց թողնել, իսկ այս պահին դուրս է գալիս 300-320 մեքենա»,- նշեց Առաքելյանը։
Մեր հարցին, թե ի՞նչ անի այն վարորդը, ով իր բեռնատարում ունի սննդամթերք, որն ամեն օր կարող է փչանալ, հնարավո՞ր է արդյոք, որ փչացած մթերքի համար բեռնատարի վարորդը պատասխանատվության ենթարկվի՝ Առաքելյանը պատասխանեց․
«Պատասխաատվությունը վարորդի վրա մնալ չի կարող, նա մեղավորություն չունի, որ հերթում երկար է սպասում»։
Անդրադառնալով հարցին, թե Վրաստանում Հայաստանի դեսպանատունը քայլեր ձեռնարկու՞մ է վարորդներին սննդամթերքով օգնելու համար, Առաքելյանը նշեց, որ հերթում սպասում է շուրջ 500 մեքենա, որոնց սնունդով ապահովել հնարավոր չէ։