Կադաստրի կոմիտեն սպասարկման գրասենյակները փոխարինում է խորհրդատվական կենտրոններով
Համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում Կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ է դրել վարչապետի որոշման նախագիծ, որը նախատեսում է կառույցի կառուցվածքային փոփոխություններ։ Փոփոխությունները միտված են Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների գործունեության օպտիմալացմանը և դրանց փոխարեն խորհրդատվական կենտրոնների ստեղծմանը։
Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի հերթական նիստում հայտնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ դիմումների ընդունումը կկատարվի ոչ թե սպասարկման գրասենյակներում, այլ խորհրդատվական կենտրոններում։ Գործառույթների փոխակերպման և օպտիմալացման շրջանակում Կադաստրի կոմիտեն փոփոխություններ է իրականացրել նաև իր կանոնադրության մեջ, ինչի արդյունքում նախորդ տարի փակվել են մի շարք սպասարկման գրասենյակներ և ստեղծվել են նոր ստորաբաժանումներ՝ խորհրդատվական կենտրոններ, որոնք ունեն ավելի լայն գործառույթներ։
Նանե Ղազարյանը նշել է, որ զգալիորեն աճել է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների թիվը։ Մասնավորապես, 2021 թվականին Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 180 103 դիմում, մինչդեռ 2025 թվականին այդ թիվը մի քանի անգամ աճել և հասել է 705 167-ի։ Նույն ժամանակահատվածում թղթային եղանակով ներկայացված դիմումների թիվը կազմել է 333 000։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը վստահեցրել է, որ իրականացվող օպտիմալացման արդյունքում հաստիքների կրճատում չի նախատեսվում։





























