Ալեքսանայնը` «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման և հսկողությունը հայկական կողմին հանձնելու մասին տեղեկություններին։


Ալեքսանյանը նշել է, որ այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա այդ առումով։ Սակայն, նա ընդգծել է Հայաստանի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով սահմանային հսկողությունն աստիճանաբար սեփական ուժերով իրականացնելու պետական քաղաքականությունը։


«Մենք ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով փորձում ենք այնպես անել, որ մենք ինքներս կատարենք մեր սահմանային հսկողությունը և աստիճանաբար գնում ենք նրան, որ մեր ամբողջ սահմանային հսկողությունը մենք իրականացնենք՝ բնականաբար շնորհակալ լինելով այդ թվում Ռուսաստանի համապատասխան ծառայություններին, որոնք կատարել են այդ ծառայությունը»,- ասել է նա։


Պատգամավորը հիշեցրել է, որ գործընթացը սկսվել է «Զվարթնոց» օդանավակայանից, շարունակվել Իրանի հետ սահմանին, և այժմ աշխատանքները բնականաբար շարունակվում են՝ ուղղված սեփական կարողությունների զարգացմանը։


Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու հավանականությանը, Ալեքսանյանը հայտարարել է, որ կոնկրետ այդ հատվածում գործընթացի առկայության մասին հստակ տեղեկություն չունի, սակայն նման քայլի դեպքում համապատասխան պաշտոնական հաղորդագրություն կլինի։


«Մեր, ցանկացած պետության տեսլականը, բնականաբար, այն է, որ իր սահմանի հսկողությունը, մաքսակետերի հսկողությունը ինքն անձամբ իրականացնի, և մենք էլ այդ առումով բացառություն չենք ու մենք էլ ունենք նման նկրտումներ»,- եզրափակել է նա։





Քաղաքականություն

Պատահարներ