Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր 2022 թվականի մայիսի 28-ին չի խախտել հրադադարի ռեժիմը։ Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական կողմի հասցեին Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները հրադադարի ենթադրյալ խախտման վերաբերյալ ապատեղեկատվություն են:

«Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի զրպարտիչ և ապակառուցողական հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։
Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած ապակառուցողական մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

 

Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել  մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը:

 

 


 

Քաղաքականություն