
Որքա՞ն գումար է վճարել ՀՀ–ն արբանյակի համար, ո՞վ է կառավարում այն. մանրամասներ

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը համոզված է, որ արբանյակից ստացված պատկերները, Հայաստանից բացի, հասանելի չեն լինի ուրիշներին։
Հայաստանի կառավարության կողմից տիեզերական արբանյակի գնման գործընթացն ինքնին պետք է դրական գնահատել, քանի որ տիեզերքի ուղղությամբ հետազոտությունների ընդլայնումը մեզ համար ունենալու է շատ մեծ ազդեցություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։
«Հնարավորությունները մեծ են, որպեսզի մեր արբանյակից ստացված նկարներն օգտագործվեն շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության և այլ նպատակներով։ Ծրագրի արժեքը կազմել է մոտ 5 միլիոն դոլար»,– ասաց նա։
Ըստ Քերոբյանի` խոսքը վերաբերում է իսպանական «Satlantis» ընկերության կողմից պատրաստված, ՀՀ–ի կողմից վճարված և առաջիկայում օգտագործման իրավունքն ամբողջությամբ ձեռք բերելու նպատակով ՀՀ–ի կողմից գնված արբանյակին։ Նույն «SpaceX»–ը նման ծառայություններ է մատուցում նաև անհատ բեռի համար մոտ մեկ միլիոն դոլար վարձավճարով, սակայն այդ գումարի մեջ չեն մտնում արբանյակի պատրաստման և հետագա շահագործման ծախսերը։
«Արբանյակի գինն ամբողջությամբ ծրագրի արժեքի մոտ կեսն է կազմել` ներառյալ վերգետնյա հետևման, կառավարման կայանի ու արբանյակի շահագործման, ինչպես նաև ուղեծիր դուրս բերելու հետ կապված ծառայությունները»,– մանրամասնեց ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը` նշելով, որ գնման գործընթացի ժամանակը բավականին քիչ է եղել, կազմակերպվել է բոլորովին վերջերս, և կառավարության որոշումը թվագրված է ապրիլի 15-ով։
Դատելով տեխնիկական բնութագրերից, ըստ Քերոբյանի, խոսքը երկու օբյեկտիվով տելեսկոպի մասին է, որն օժտված է մի քանի ինֆրակարմիր տիրույթներում դիտումներ կատարելու ունակությամբ։ Չափերից դատելով` այն չի կարող ունենալ մեծ լուծողականություն, այսինքն` դրանով հնարավոր չէ մրցել այնպիսի արբանյակների հետ, որոնք սանտիմետրերի ճշգրտությամբ կարող են պատկերներ հաղորդել։
«Չեմ կարծում, որ արբանյակը կարելի է օգտագործել ռազմական նպատակներով։ Թեև որոշ չափով հնարավոր է դա անել, բայցևայանպես արբանյակը մեծ լուծողականությամբ քարտեզներ ստանալու համար չէ։ Նրա դիտակներն այդքան մեծ կարողություններ չունեն»,– ասաց նա։
Ըստ Քերոբյանի` նման ծրագրերը կարող են տևել մեկ տարուց ավել, բայց դատելով այն հանգամանքից, թե կառավարությունը երբ է գումար հատկացրել ծրագրին և որքան է տևել գնման գործընթացը, կարելի է ասել, որ արբանյակի պատրաստման նույնիսկ ամենավերջին պահին է գնման գործարքը կատարվել։
«ՀՀ կառավարությունն արդեն լավ պատրաստվածության աստիճանով է ձեռք բերել արբանյակը։ Նույն «SpaceX»–ը նման ծառայություններ մատուցելու համար մի քանի ամիս ժամանակ է ուզում, այսինքն` անհրաժեշտ է պայմանավորվել գործարկումից 4-5 ամիս առաջ պատրաստի բեռը տիեզերք ուղարկելու համար, իսկ բեռն իր հերթին պատրաստվում է ամիսների ու տարիների ընթացքում»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` արբանյակի կառավարումն իրականացնում է «Satlantis» ընկերությունը, դեռ կառավարումը հայկական կողմին չի փոխանցվել, դա կարող է տևել ամիսներ, նույնիսկ մինչև տարեվերջ, որովհետև մինչև արբանյակը բերվի ամբողջությամբ գործարկվելիք մակարդակի, բավական ժամանակ կպահանջվի, նույնիսկ գործիքները պետք է ճշտաբերման ժամանակ անցնեն, մինչև հնարավոր լինի օգտագործել ստացված պատկերները։
«Այդ պատկերները, Հայաստանից բացի, ուրիշներին հասանելի չեն լինի, որովհետև արբանյակն ամբողջությամբ պատկանելու է մեր պետությանը»,– ասաց Քերոբյանը։
Արբանյակն ուղեծրում կմնա մոտ չորս տարի, այն դուրս է բերվել բավականին բարձր ուղեծիր` մոտ 500-550 կմ, որտեղ մթնոլորտը բավականին նոսր է։
ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահի համոզմամբ` Հայաստանն ապագայում ձեռք կբերի այլ արբանյակներ, կազմակերպությունները կմասնակցեն օգտակար բեռը տիեզերք ուղարկելու մրցույթներին, մոտ ապագայում հնարավոր կլինի նաև մեզ մոտ արդեն իսկ նախագծված ու պատրաստված օգտակար բեռն այլ ընկերություն հրթիռի միջոցով դուրս բերել ուղեծիր։ ԲՏԱ նախարարությունը նման արբանյակի նախագծման և շահագործման ենթակառուցվածքների ստեղծման համար արդեն հատկացրել է որոշակի գումար։