Կապանում Իրանի հյուպատոսություն կլինի, պետական մակարդակով համաձայնություն կա. ՀՀ-ում Իրանի դեսպան

 Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար», - հավելել է նա:

 

Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի  Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների`  Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:

«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական, և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և  դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին՝ միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում», - ասաց նա:

Քաղաքականություն