
ՀՀ-ում Իրանի դեսպանը` տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ շեշտելով այդ գործընթացում միջազգային օրենքները հարգելու անհրաժեշտությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խումբը հանդիպումների լավ արդյունքներ է գրանցել:
«Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքները, բանակցությունները լինեն կառուցողական: Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս մի քանի երկրների արդյունավետ բանակցությունների ներքո», - նշել է դեսպանը՝ հավելելով, որ, հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները, կարելի է այս ճանապարհները բացել և կապը ստեղծել: