Պետք չէ ամաչել ամեն ինչ իր անունով կոչելուց․ Պեսկով

Տեղեկատվական պատերազմում անհրաժեշտ է պատասխանել բոլոր հարձակումներին, անհնար է անցնել պաշտպանական դիրքի, ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը`  «Նոր հորիզոններ» մարաթոնի ժամանակ, փոխանցում է Ռիա Նովոստին։ 


«Դու չես կարող պաշտպանվել, պետք է պատասխանել բոլոր հարձակումներին, պետք է բացատրել քո դիրքորոշումը, պետք է մերժել սուտը, պետք չէ ամաչել ամեն ինչ իր անունով կոչելուց, հատկապես նման ծանր իրավիճակներում: Որտեղ սուտ կա, պետք է ստի մասին խոսել, որտեղ կեղծիք կա, պետք է ասել կեղծիքը, իհարկե, պետք է լինել համբերատար, ուշադիր, կրթված և տեղեկատվության լուրջ սպառող»,- ասել է Պեսկովը։

 

Անդրադառնալով պատերազմական դրությանը խոսնակը նշել է, որ Ռուսաստանի գոյությունը նյարդայնացնում է արևմտյան երկրներին, նրանք ամեն ինչի պատրաստ են, որպեսզի ՌԴ–ն չզարգանա։ 
«Երբեմն թվում է` Ռուսաստանի գոյությունը նյարդայնացնում է հավաքական Արևմուտքին, և նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի մեզ խանգարեն զարգանալ ու ապրել այնպես, ինչպես ցանկանում ենք», - ասել է Պեսկովը: 


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` Ռուսաստանը փորձում էր Արևմուտքի հետ պայմանավորվել անվտանգության նոր սկզբունքների շուրջ, բայց նրան առանձնապես չէին լսում։ 


«Մենք ասում էինք, որ մեզ դուր չի գալիս, երբ ձեր հրթիռներն ու թնդանոթները մոտենում են մեր սահմաններին, մեզ դուր չէր գալիս, երբ դուք ընդլայնում էիք ՆԱՏՕ-ն, մենք վտանգ էինք զգում, խնդրում էինք, որ դա չանեք, հրավիրում էինք պայմանավորվել անվտանգության նոր սկզբունքների շուրջ, խնդրում էինք ձեզ համաձայնության գալ, թե ինչպես միասին ապրենք խաղաղության մեջ, խնդրում էինք պայմանավորվել, որ տնտեսության մեջ և առևտրում խտրականության միջոցներ չլինեն»,- ասել է Պեսկովը։

 

 

Քաղաքականություն