Սևանա լճում անհետ կորած 2 անձանց որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Մայիսի 11-ին, ժամը 05։40-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
 

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 19 փրկարար ծառայող, ներգրավվել են «Սևան» ազգային պարկին պատկանող մեկ և քաղաքացու կողմից տրամադրված մեկ այլ նավակ։

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

***

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։