
Հայիթիում Թուրքիայի ութ քաղաքացի է առևանգվել

Հաիթիի մայրաքաղաքի արվարձաններից մեկում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են Թուրքիայի ութ քաղաքացու։ Այս մասին հայտնում է «Հայիթի-24» լրատվական պորտալը։
Թուրքիայի քաղաքացիները Դոմինիկյան Հանրապետությունից ավտոբուսով շրջում էին Կրուա դե Բուկե կոմունայի տարածքում։ Այս տարածքը ավազակախմբերի գործողության հիմնական գոտիներից է։
Առեւանգումից հետո Հաիթիի իշխանություններն արդեն կապ են հաստատել Անկարայի հետ։
Միաժամանակ ՄԱԿ-ի կառույցները հայտնում են Հաիթիում անվտանգության և հումանիտար իրավիճակի վատթարացման մասին։ Դա պայմանավորված է անցյալ ամառ նախագահ Ջովենել Մոյզի սպանությամբ: Դրանից անմիջապես հետո տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 2 200 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաիթիի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել 17 ամերիկացի միսիոներների առևանգած հանցախմբի ղեկավարին։