
ԱՄՆ հետախուզությունն օգնել է ուկրաինացիներին սպանել բազմաթիվ ռուս գեներալների. New York Times

The New York Times-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ ԱՄՆ հետախուզությունն օգնել է ուկրաինացիներին սպանել բազմաթիվ ռուս գեներալների: Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայության թելեգրամյան ալիքը, հոդվածում հղում է արվում ԱՄՆ-ի անանուն աղբյուրներին։
Ըստ հոդվածի՝ աղբյուրներն ասել են, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրած հետախուզական տվյալները օգտագործվել են ռուս գեներալների սպանության համար:
Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ ոչ բոլոր հարվածներն են եղել ամերիկյան տվյալների հիման վրա, և մասնավորապես ապրիլի 30-ին Իզյումի հրամանատարական կետին հասցված հարվածը, որտեղ դրանից առաջ եղել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, չի հիմնվել ամերիկյան տեղեկատվության վրա:
Ռուսաստանը չի հաղորդել Իզյումին հարվածելու կամ Գերասիմովի` Արևելյան Ուկրաինա մեկնելու մասին: Սակայն այս մասին մի քանի օր առաջ լրատվամիջոցներին հայտնել են ամերիկյան հետախուզական համայնքի աղբյուրները։ Որոշ ուկրաինացի պաշտոնյաներ նույնիսկ ասել են, որ Գերասիմովն ինքը կրակի տակ է ընկել և վիրավորվել, սակայն ոչ ոք չի հաստատել այդ պնդումները՝ ո՛չ ուկրաինացի այլ պաշտոնյաներ, ո՛չ ամերիկացիները, ո՛չ Մոսկվան։
New York Times-ի այսօրվա հոդվածում աղբյուրները պնդում են, որ Վաշինգտոնը թույլ չի տա իր տվյալները օգտագործել Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարության դեմ մահափորձի համար, որի թվում է նաև ԳՇ պետը:
Ուկրաինան պնդում է, որ պատերազմի սկզբից ի վեր ռազմաճակատում զոհվել է 12 բարձրաստիճան ռուս սպա, ինչը անոմալ թիվ է, գոնե արևմտյան բանակների չափանիշներով, նշում են արևմտյան փորձագետները։ Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է երկու փոխհրամանատարների՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկու և գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովի մահը։
Միացյալ Նահանգները վերջերս բացեիբաց խոստովանել է, որ Ուկրաինայի հետ կիսում է հետախուզության լայն շրջանակ: ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Կիևին տրամադրում են նաև իրենց հետախուզական գործակալություններից տեղեկատվություն: