Կառավարությունը գումար չի փոխանցում, դեկտեմբերից աշխատավարձ չենք ստացել․ բուժաշխատողներն ահազանգում են

Հայաստանում գործող մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներ դեկտեմբերի ամսից սկսած աշխատավարձ չեն ստացել, քանի որ կառավարությունը գումար չի փոխանցում նախարարությանը։ 

 

Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց «8033» COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործող թեժ գծի աշխատակիցներից մեկը։ Վերջինս մեզ տեղեկացրեց, որ հենց քովիդի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում է այս խնդիրը։ 

 

«Հարցն այն է, որ միայն քովիդ հիվանդանոցներում է այս իրավիճակը։ Մենք արդեն երկար ժամանակ է սպասում ենք մեր աշխատավարձին, բայց գումարը շատ են ուշացնում։ Աշխատակիցներից շատերը հացի խնդրի առաջ են կանգնում, այսպես աշխատել չի լինի։ Մյուս հիվանդանոցներում նման խնդիր չկա», - ասաց մեր զրուցակիցը։ 

 

Հարցին, թե խնդրի վերաբերյալ ի՞նչ պատասխան են ստանում ՀՀ առողջապահության նախարարությունից, պատասխանեց․

 

 «Ասում են՝ գիտենք, որ չենք վճարել, բայց մենք ի՞նչ մեղք ունենք, որ կառավարությունը գումար չի հատկացրել»։ 

 

Auroranews- ը ճշտումներ կատարելու նպատակով կապ հաստատեց ՀՀ ԱՆ։ Նախարարությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ աշխատավարձերի վճարման հետ խնդիր կա։ «Դեռ դեկտեմբեր ամսից պարտքեր կան կուտակված, տեղյակ ենք, սպասում ենք կառավարության որոշմանը»-, ասացին նախարարությունից։

Քաղաքականություն