Հրավերը մերժել չի կարելի. Ռուբեն Մաթևոսյանը՝ Ալեն Սիմոնյանի ընդունելությանը մասնակցելու մասին․ ArmDaily

Երեկ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել էր հայ մտավորականներին։ Ընդունելությանը մասնակցած արտիստները հանրության կողմից խիստ քննադատության արժանացան, ինչպես նաև նշվում էր, որ իշխանությունը հերթական անգամ «օգտագործել է» մտավորականներին: 
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ով նույնպես մասնակցել է ընդունելությանը, անդրադառնալով ընդունելության շուրջ առաջացած քննարկումներին, ասաց, որ հրավերը մերժել չի կարելի։ 

«Ներկայություն չի նշանակում ամեն ինչ։ Ներկայություն նշանակում է լսել, տեսնել, մանավանդ իմ խոսքն էլ այդպիսին է՝ ինչ միտումներ կան և ուր ենք մենք գնում։ Պետք է ասեմ, որ խոսակցությունը ծավալվեց բացառապես մշակութային աշխարհի վերաբերյալ, որովհետև այսօր շատ խիստ կարիք ունի մշակույթը։ Այդ հարցում բավականին լուրջ ոչ թե քննադատություն, այլ պահանջներ ներկայացրեց մեր շատ սիրելի Ռոբերտ Ամիրխանյանը։ Այնպես որ շատերը պարզապես ունկընդիր էին, ինչպես նաև ես»,- ասաց արտիստը։ 
Նա նշեց, որ հանդիպումը հետաքրքիր ընթացավ, բայց շատ քիչ մարդ էր հրավիրվել՝ ընդամենը 8 հոգի։ 

«Հրավիրվել էինք, որպեսզի տեսնեին, թե ինչի մասին է խոսքը, ինչ միտումներ կան։ Համենայն դեպս՝ խոսակցությունը ծավալվեց բացառապես մշակութային աշխարհի կայունության վերաբերյալ»,- ասաց Ռուբեն Մաթևոսյանը։ 

Հարցին՝ արդյոք մշակութային կյանքի լավացման վերաբերյալ որևէ երաշխիքներ եղան Ալեն Սիմոնյանի կողմից, Մաթևոսյանը պատասխանեց. «Բնականաբար։ Եթե ներկայացվում են պահանջներ՝ ներկայացվում են նաև ոչ թե փափուկ բարձ, այլ պարզապես մտահոգություններ, որոնք հարկավոր է անպայման շտկել։ Այդ առումով ինձ շատ դուր եկավ օրը, որովհետև շատ խիստ անհրաժեշտ էր հենց այսօրվա պայմաններում նկատել և տեր լինել»։ 

 

Քաղաքականություն