Սպառնալիք է եղել՝ եթե հրաժարական չտամ, ապա․․․ Ռուբեն Վարդազարյան․168․am

Սպառնալիք եղել է իմ անձի, ընտանիքի անդամների նկատմամբ, որ եթե հրաժարական չտաս, ապա․․․ ապա տեսնում ենք՝ այսօր մեղադրյալ եմ հորինված քրեական գործով։ Այս մասին 168․am-ի «Պրեսինգ» հաղորդման ընթացքում հայտարարել է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով իր լիազորությունների դադարեցմանն ու դրա պատճառներին։

 

«Երկու տարբեր քրեական գործեր են՝ ինձ եւ տիկնոջս ՀՔԾ էին հրավիրել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել էր, որ մեր հայտարարագրերում որոշակի անհամապատասխանություններ կան, այդ գործը դեռ քննության փուլում է։ Իսկ իմ լիազորությունները դադարեցվել են, որովհետեւ Գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ինձ եւ գտնում է, որ ես խոչընդոտելու նպատակով միջամտել եմ դատարանի գործունեությանը։ Այս գործը դատարանում է՝ մեկ նիստ է կայացել, որի վերաբերյալ հարցում ենք ուղարկել Երեւանի դատարանի նախագահին, որպեսզի ապացույցներ ներկայացնի, որ գործը դատավոր Շահվերդյանին օրենքով սահմանված կարգով է մակարգրվել, որից հետո կորոշենք՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնենք, թե ոչ, բայց ինձ թվում է, որ կներկայացնենք։

Ինձ մեղադրում են, որ դատավոր Անդրանիկ Սիմոնյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում համոզելու եւ հորդորելու միջոցով ու խոչընդոտելու նպատակով դատական իշխանության գործունեությանն եմ խոչընդոտել։ Կա մի քանի ապացույց, որոնք ապացույցների հետազոտման փուլում ես ինքս կհրապարակեմ, հիմա չեմ ուզում՝ տպավորություն չստեղծվի, թե իմ այս գործով այդ դատական պրոցեսին եմ ուզում միջամտել։ Ինձ չեն գաղտնալսել, ըստ դատավորի՝ ինքն ինձ ձայնագրել է, տեսնենք՝ ինչ ապացույցներով են փորձելու մեղադրանքն ապացուցել»,- նշել է Վարդազարյանը։

 

Նա ասել է, թե որ պահից է հասկացել, որ ցանկալի անձ չէ իշխանության համար։

 

«Երբ հրապարակային դիրքորոշումս եմ հայտնել առ այն, որ ՀՀ-ում դատարանները պետք է գործեն բացառապես օրենքով, իրավունքի գերակայության սկզբունքով եւ պարզապես ֆիզիկապես զերծ մնան քաղաքականացված որոշումներ կայացնելուց։ Այդ պահից սկսած ես հասակցա, որ Բարձրագույն դատական խորհրդում ցանկալի անձ չեմ, եւ, ինչպես տեսնում եք, ձեւը գտնվեց՝ լիազորություններս դադարեցված են։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն ինձ հետ զրույց չի ունեցել, բայց իշխանության բազմաթիվ անձինք բազմաթիվ զրույցներ են ունեցել ինձ հետ՝ փորձելով ստանալ այն արդյունքը, որն այսօր ստանում են, ես սկզբունքորեն դրան դեմ եմ խոսել, ասել եմ՝ քանի դեռ ես ԲԴԽ նախագահն եմ, իմ ուժերի սահմաններում դատավորներին քաղաքական որոշումներից, ոչ միայն իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ազդեցությունից զերծ եմ պահելու։ Այն դատավորը, որը որոշում կայացնելիս այլ ճնշումների կենթարկվի, այդ դատավորից պետք է օր առաջ ձերբազատվել, դա իմ խորին համոզմունքն է, վստահ եմ՝ վերականգնվելու եմ ԲԴԽ նախագահի պաշտոնում։ Որ պահին ոտքս դնեմ աշխատասենյակ, այս դրույթը գործելու է»,- ասել է նա։

 

Հարցին՝ արդյո՞ք կարող է նշել իշխանության այն ներկայացուցիչների անունները, որոնք իր հետ հանդիպել, Վարդազարյանը չցանկացած մանրամասնել։

«Եթե ես հավատայի այսօրվա Դատախազությանը, եւ անուններ կտայի, եւ օրն ու ժամը կասեի, նույնիսկ՝ ապացույցը կներկայացնեի, բայց քանի որ չեմ հավատում Դատախազությանը, չեմ անի դա, կսպասեմ՝ պատեհ պահը գա, երբ կվստահեմ Դատախազությանը։ Երկու իրար նման գործով մեր երկրում երկու տարբեր որոշում է կայացվում, երբ փորձում են դրա պատճառը հասկանալ՝ ինչու է մեկ գործով մի որոշում կայացվում, մյուսով՝ դիամետրալ տարբեր որոշում, դրա բացատրությունը չի լինում, կամ էլ՝ էդպես է իրենց հարմար»,- նկատեց Վարդազարյանը։

Քաղաքականություն