ՀՅԴ–ն պայքար է սկսում․ Սաղաթելյանը նշել է, թե որն է իրենց քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը
Հայ–թուրքական հաշտեցման գործընթացը կասեցնելը լինելու է ՀՅԴ քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը։ Այսօր ՀՅԴ հիմնադրման 131-ամյակին նվիրված հանդիսությանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Հայ–թուրքական այսպես կոչված հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է թրքացման, պետք է կասեցվի։ Եվ սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը։ Հայ ժողովրդին Ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «Բայրաքթարով» փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետևենք այդ ամենին։ Չի ստացվելու, մոռացեք, թույլ չենք տալու»,– ասաց Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց ու իշխանության հակասությունները ոչ թե անձնական, այլ գաղափարական են` Հայաստանի, Արցախի և սփյուռքի ներկայի ու ապագայի տեսլականների տարբերությունը։
«Սա պայքար է մարդկանց երկու տեսակների` մարդկանց, ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետություն, հայրենիք, ապրել արժանապատիվ, և մարդկանց, ովքեր առանց դրա էլ յոլա կգնան»,– ասաց նա։
Սաղաթելյանն անդրադարձավ նաև 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը` նշելով, որ այն թեև կայացած փաստ է, բայց ոչ դատավճիռ։
«Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ ապրում են դրանց ծնունդ տվող պայմանները։ Կփոխենք պայմանները, կփոխվի իրավիճակը։ Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ պայմանագրի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը», –ասաց Սաղաթելյանը։
Դրա համար ընդդիմադիր գործիչն առաջարկում է ՀՀ–ում, Արցախում ու սփյուռքում ձևավորել համազգային դիմադրության շարժում, որը կվիժեցնի հայ–թուրքական հաշտեցման ծրագիրը։
Սաղաթելյանը հայտարարեց, որ ՀՅԴ–ն պատրաստ է լինել այդ պայքարի առաջամարտիկն ու առաջնորդը։
Նշենք, որ ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվել է «Դվին հոլ» համալիրում, մասնակցում են նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը, ընդդիմադիր պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և այլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։