Լևոն Յոլյանը հրաժարական է տվել․ ո՞վ կփոխարինի նրան

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել: ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկությունը Յոլյանն անձամբ հաստատեց:

«14 տարի է ոլորտում եմ, որից 5 տարին պալատն եմ նախագահում, պաշտոնավարման քիչ՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակ էր մնացել, ու ընտանեկան, անձնական, այլ ծրագրերի հետ կապված գործեր կան, որոնցով այս պահին զբաղվելն ավելի կարևոր ու առաջնահերթ է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

«Վաստակած հանգստի եք գնում»,- նկատեցինք: «Այլ ծրագրերի հետևից գնալն ու դրանք կյանքի կոչելը հանգստի մեկնել չէի անվանի»,- նշեց Լևոն Յոլյանը:

Ըստ տեղեկության այս պաշտոնում նրան կփոխարինի պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը:

Լրատվականի հետ զրույցում նա նշեց, որ իշխանության կողմից պալատը նախագահելու առաջարկ դեռևս չի ստացել: «Չեմ կարող հիմա ասել՝ եթե նման առաջարկ լինի, կընդունե՞մ, թե՞ ոչ: Եթե առաջարկեն, կմտածեմ»,- նշեց Սողոմոնյանը:

Եղիշե Սողոմանյանը, որ ամիսներ առաջ ընտրվեց Վերահսկիչի անդամ, Ազգային ժողովի նախորդ՝ 7-րդ գումարման, պատգամավոր էր: Նա պատգամավորի քվոտա ստացել էր «Առաքելություն» կուսակցությունից: Սողոմոնյանն այժմ կուսակցական պատկանելիություն չունի, անդամակցությունն «Առաքելությանը» դադարեցրել է:

Քաղաքականություն

Պատահարներ