Ռազմական գործողությունների նոր փուլ Գազայի հատվածում
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել իր զորքերը Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում գտնվող անվտանգության գոտիներից, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«ԱՄՆ նախագահը ներկայումս ձգտում է Իրանի հետ համաձայնության հասնել՝ ելնելով Ամերիկայի շահերից, այդ թվում՝ Իսրայելի հետ ընդհանուր շահերից՝ թույլ չտալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։
Մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա այս սկզբունքին, ինչպես նաև հրթիռների և ահաբեկչության հետ կապված ուժերի վերաբերյալ մյուս սկզբունքներին։ Մենք միասին Իրանին ծանր հարվածներ ենք հասցրել, որոնք երկար տարիներով թուլացրել են նրա ներուժը։ Իսրայելը պետք է վստահ լինի, որ ապագայում ևս հնարավորություն կունենա ինքնուրույն գործելու՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։
Մենք վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին նախապատրաստվել։ Իսրայելը չի լքի անվտանգության գոտիները Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պաշտպանել մեր սահմաններն ու քաղաքացիներին Հերմոն լեռան գագաթին, Լիբանանի լեռնային շրջաններում, Սամարիայի տարածքներում և Գազայի մեծ մասում:
Այս ժամանակահատվածում շատ բան է դրված նժարի վրա, և մենք վճռական ենք շարունակելու կոշտ անվտանգության քաղաքականությունը, որը թույլ կտա պահպանել մեր ձեռքբերումները և չվտանգել Իրանի գլխավորած շիական և «Մուսուլման եղբայրների» գլխավորած սուննիական «չարիքի առանցքներին» դիմակայելու մեր կարողությունը։
Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝ բացառիկ ձեռքբերումների համար, ինչպես նաև կանոնավոր բանակի, մշտական ծառայության զինծառայողներին և պահեստազորայիններին՝ Իսրայելի անվտանգության համար անձնուրաց պայքարի համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև երկրի հյուսիսի բնակիչներին՝ նրանց հերոսական տոկունության համար, որը բանակին ուժ է տալիս շարունակելու նրանց պաշտպանությունը»:
Այս մասին Իսրայելի պաշտպանության նախարարը գրել է X սոցիալական ցանցում։