Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան, հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։

«Ադրբեջանա-հայկական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու և գործընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը մղելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և այդ մասին նշվում է նաև հանդիպման արդյունքներով տարածած համատեղ հայտարարությունում։ Սակայն հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել։ Հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ նոր տեղեկության առկայության դեպքում հանրությունն այդ մասին պատշաճ կիրազեկվի»,- նշված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքում։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է նաև, երեկ հաստատեց, որ պաշտոնական Երևանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե ինչ առաջարկներ, իշխանական պատգամավորը չմանրամասնեց՝ հորդորելով դիմել կառավարություն։

Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14 -ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին՝ առանց մանրամասնելու, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։

Անցած ուրբաթ օրը «Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն՝ խնդրելով մանրամասներ ներկայացնել։ Արարատ Մրզոյանի գլխավորած կառույցը դեռ չի արձագանքել։

Քաղաքականություն

Պատահարներ