
Ապառիկների մասին խոսող Արարատ Միրզոյանը կանխիկով 29 միլիոն դրամ արժողությամբ կահույք է գնել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Մեր տեղեկություններով («Չորրորդ իշխանություն» լրատվամիջոցի)՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող բրենդային կահույքի սրահից մեկից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել...
Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ»։
Այս մասին «Չորրորդ իշխանությունը» փորձել է պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Կոստանյանը, սակայն, փոխանցել է, որ Ստոկհոլմում է և չի կարող պատասխանել լրատվականի այդ հարցին: Խորհրդականը խորհուրդ է տվել կապ հաստատել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ կամ գրավոր հարցում ներկայացնել:
Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ լրատվականի անընդմեջ զանգերը Հունանյանին, ինչպես նաև ԱԳՆ լրատվության բաժին, մնացել են անպատասխան: Դեկտեմբերի 7-ին գրավոր հարցումով լրատվականը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ հուսալով, որ վերջապես պատասխան կստանան:
«Չորրորդ իշխանության» հարցումից անցել է ավելի քան 30 օր, սակայն պատասխան դեռ չի ստացվել»: