
Կարծում եմ՝ ժամանակավրեպ էր այդ մեքենայի ձեռքբերումը. Հրաչյա Սարգսյանը՝ ԱԺ նախագահի համար գնված նոր մեքենայի մասին

Ես կարծում եմ, որ ժամանակավրեպ էր այդ մեքենայի ձեռքբերումը: Այս մասին, անդրադառնալով ԱԺ նախագահի համար գնված նոր ավտոմեքենային, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է «Ազատության» եթերում:
«Ես կարծում եմ, որ ժամանակավրեպ էր այդ մեքենայի ձեռքբերումը, թե կոնկրետ ինչ մեքենա պետք է լինի, ինչ մակնիշի, կարծում եմ, որ դա քննարկման առարկա պետք է լինի։ Ես չգիտեմ այդ ծախսը իրականացնելը որքանով էր արդյունավետ, որքանով ոչ, դա պետք է կառավարչական գնահատական տալ»,- ասել է քաղաքապետը:
Նա հավելել է, որ անձամբ ինքը վարել չգիտի և ծառայողական մեքենայից կշարունակի օգտվել։ Նա նաև հայտարարեց, որ պարգևավճարներ չի ստանալու, բայց նախկինում, երբ աշխատավարձերը ցածր էր, ստացել է պարգևավճարներ։
Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետին՝ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ նույնպես գոհ է Հայկ Մարությանից:
«Մենք այն ծրագրերը, որ իրականացրել ենք, միասին ենք իրականացրել, այդ ծրագրերը թիմային աշխատանքի արդյունք էին։ Չենք կարող ասել, որ դա մեկ հոգու արժանիքն է»,– ասաց նա։
Իր խոսքով՝ քաղաքապետ դառնալու առաջարկը միանգամից չի ընդունել. «Հայկ Մարությանի հետ նաև զրուցել եմ, և նա ասեց՝ ինչ որոշում էլ, որ ընդունես՝ ես կընդունեմ»: