Դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից․ Հայկ Մարության

Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։ Այս մասին իր իմպիչմենտի հարցը քննարկելու ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

 

Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, և կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի, օրինակ բյուջեի խոշոր գումարների հափշտակում, կամ ինչ-որ այլ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք։ Բայց ինչպես ելույթներից հասկացանք այդպիսինները չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է,  ինչպես նախաձեռնող խումբն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է կլքեմ նաև այս պաշտոնը»,- ասաց Մարությանը։ 

 

 

Նա հիշեցրեց հեղափոխությունը, և հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին ընտրությունները, որի արդյունքում ավագանու կազմում «Իմ քայլը»-ը դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին ՔՊ-ից։

«Այսինքն՝ ֆրակցիայի մեծ մասը՝ 30 ավագանու անդամ անկուսակցականներ էին, կամ այլ կուսակցությունների անդամներ էին։ Սա կարծում եմ՝ շատ հատկանշական տվյալ է, որը արտացոլում է հեղափոխական իրական պալիտրան։ Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ»,- ասաց Մարությանը։

 

Նա ընդգծեց, որ այդ ժամանակ ընտրությունների չեն գնացել ՔՊ-ի դրոշի ներքո ոչ թե նրա համար որ հեղափոխությունը արել էր ժողովուրդը, այլ այն պատճառով, որ ՔՊ կուսակցության անունը այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։

 

«Եկեք արձանագրենք, որ 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եթե անձերին մի կողմ դնենք ժողովուրդը ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը, որպես անվստահության հիմք ասում է՝ քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ-ից և շեշտում եմ՝ դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։ Պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, և նախաձեռնող խմբի այս պնդումը ուղղակի կեղծիք է։ Ի դեպ՝ իրենց փաստարկներում հիշատակելով ՔՊ կուսակցության անունը, այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ համար և ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են արել միայն ավելի լավ Հայաստանի երազանքով։ Ասեմ ավելին՝ ՔՊ-ականները ավելի առաջ են գնացել. նրանք վերջերս արդեն առաջ  են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ՝ դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ սատարում է հակահեղափոխական ուժերին, սա նույնպես անընդունելի է և վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն»,- ասաց Մարությանը։

Մարությանի կարծիքով՝ հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավվել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան և սկսեցին բարելավվել իրենց կյանքը։