
Դատախազության հայտարարությունը մեծ հարված է սահմանադրական կարգին․ Արամ Վարդևանյան

Դատախազության, գլխավոր դատախազի հայտարարությունը պատգամավորների անձեռնմխելիությանն առնչվող ՍԴ որոշման վերաբերյալ մեծ հարված է իրավական պետությանը, սահմանադրական կարգին, Բարձր դատարանի նկատմամբ գծեր են անցել, ինչը անթույլատրելի է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, թե ակնհայտ է՝ հայտարարությունը հենց գլխավոր դատախազի կողմից է արվել, իր ձեռագիրն է։
«Պատկերացրեք՝ դատախազը ինչ վարքագիծ է դրսևորում, քննադատում է, իր ափսոսանքն է հայտնում, որոշում է, թե Սահմանադրական դատարանը խեղաթյուրել է սահմանադրի կամքը, սա, մեղմ ասած, աբսուրդ է։ Այս հայտարարությունից հետո կարող ենք պնդել, որ ՍԴ-ի նկատմամբ ակնհայտ ճնշումներ են եղել, որովհետև եթե նման էմոցիաներ է հայտարարում դատախազությունը, պատկերացրեք ինչպիսի կուտակված էմոցիաներ են ունեցել իրենց մոտ։ Այստեղ ինչն է շատ կարևոր՝ ՍԴ-ն դիմադրել է այդ ճնշումներին»,-ասաց նա։
Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ դատախազը, երբ պաշտոն է ստանձնում, երդվում է, որ պետք է ղեկավարվի Սահմանադրությամբ, Սահմանադրությամբ ղեկավարվելը նույն է, ինչ ղեկավարվել Սահմանադրական դատարանի որոշումներով, որը հենց նուն Սահմանադրությունն է, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ վարքագիծ է դրսևորվում դատախազության, դատախազի կողմից։
«Մյուս հանգամանքը՝ դատախազները պարտավոր են դրսևորել քաղաքական չեզոքություն։ Հարց է առաջանում՝ դատախազության այսօրվա տարածած տեքստը ավելի շատ իրավակա՞ն բնույթի էր, թե քաղաքական։ Կներեք, ակնհայտ է, որ այն քաղաքական բնույթի տեքստ էր։ Այդ տեքստի հետ ՀՀ-ում կարող էր համաձայն լինել բացառապես իշխանական քաղաքական ուժը, որովհետև միակ ուժն է, որ այս 5 ամիսների ընթացքում գտնում էր, որ խնդիր չկա, որ այս ընթացքում 3 պատգամավորները գտնվում են անազատության մեջ։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք դատախազությունը քաղաքական չեզոքություն է ցուցաբերում, ակնհայտորեն՝ ոչ»,- շեշտեց նա։
Պատգամվորի խոսքով՝ ՍԴ -ի նկատմամբ այս ոճի հայտարարություններ, անգամ այն ժամանակ չէին կատարվել, երբ 300․1 հոդվածն էր հակասահմանադրական ճանաչվել։ Ըստ նրա՝ պետք է դատախազության այս հայտարարության համար լինեն իրավական հետևանքներ։