
Բեռլինի իշխանություններն արգելել են պարել ակումբներում Covid19-ի տարածման պատճառով

Կորոնավիրուսի տարածման պատճառով Բեռլինի կառավարությունն արգելել է պարել փակ տարածքներում, սակայն որոշել է առայժմ չփակել գիշերային ակումբներն ու դիսկոտեկները: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում տալով Գերմանիայի մայրաքաղաքի պաշտոնական կայքին:
Նիստում ընդունված սահմանափակող միջոցներն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 8-ից, և դեռևս ուժի մեջ կլինեն մինչև 2022 թվականի հունվարի 2-ը։ Բացի պարելու արգելքից, սահմանվում են նաև այլ սահմանափակումներ:
Օրինակ Բեռլինի դաշնային նահանգի պետական հաստատություններ հնարավոր կլինի մուտք գործել միայն պատվաստման հավաստագիր կամ կորոնավիրուսի բացասական արդյունքով ՊՇՌ թեստ ներկայացնելու դեպքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայում խիստ սահմանափակումներ կլինեն չպատվաստված քաղաքացիների նկատմամբ: Մասնավորապես, արգելվելու է չպատվաստված կամ չապաքինված քաղաքացիների մուտքը ոչ պարենային ապրանքների խանութներ, կինոթատրոններ և ռեստորաններ։
Բացի այդ, իշխանությունները շփման սահմանափակումներ կմտցնեն չպատվաստված մարդկանց համար, որոնց կթույլատրվի հանդիպել միայն իրենց ընտանիքի անդամների հետ։