Իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի. ԱԽ քարտուղար
Պետք է պարզել՝ անկլավներ կա՞ն, թե՞ ոչ։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով հարցին արդյոք Հայաստանը պատրա՞ստ է անկլավների փոփոխության հարց քննարկել, թե ոչ։
«Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։ Հնարավոր է՝ համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի»,-նշեց Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ականներից մինչև 70-ականները։
Հարցին՝ հնարավոր սահմանագծումից հետո այդ տարածքներում ամեն ինչ նույնն է՞ մնալու, ԱԽ քարտուղարն ասաց.
«Ընդհանուր առմամբ այո։ Կա նաև Արծվաշենի հարցը և հնարավորություն կա քննարկումներ ծավալել։ 20-ականներից մինչև 70-ականների ժամանակահատվածում ձևավորված բոլոր քարտեզները ոչ 100 տոկոսով, բայց շատ մոտ են իրար։ Մենք հստակ պատկերացնում ենք մեր սահմանը»,-ասաց Արմեն Գրիգորյանը։






























