
Covid-19-ի ինքնաոչնչացումը. ինչպես Ճապոնիայում հաղթահարեցին կորոնավիրուսը. РИА Новости

Ճապոնիայում կորոնավիրուսն անհետացել է: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ նշելով, որ համավարակի հինգերորդ և ամենադաժան ալիքը, որը հարուցել էր խիստ վարակիչ դելտա շտամը, կտրուկ ավարտվել է:
Հետազոտողների խմբի տվյալներով՝ հարուցիչը «ինքնաոչնչացվել» է մահացու մուտացիայի արդյունքում։
Երեք ամիս առաջ՝ դելտա շտամի տարածման գագաթնակետին, Ճապոնիայում օրական մոտ 26 հազար վարակված է հայտնաբերվել։ Այժմ վարակումների ցուցանիշը 200-ից քիչ է: Ընդհանուր առմամբ մահացությունը ձգտում է զրոյի:
Իրավիճակը հաղթահարելու հիմնական գործոններ սովորաբար նշվում են պատվաստումների բարձր մակարդակը և կարգապահությունը:
Այնուամենայնիվ, Գենետիկայի ազգային ինստիտուտը և Նիիգատայի համալսարանը կարծում են, որ ողջ խնդիրը կորոնավիրուսի գենետիկ փոփոխությունների մեջ է։
Դիագրամի վրա պատկերելով SARS-CoV-2-ի տարբեր տարբերակներ՝ գիտնականները հայտնաբերել են, որ կորոնավիրուսի ալֆա տարբերակը, որը Ճապոնիայում գերիշխում էր COVID-19-ի չորրորդ ալիքի ժամանակ, գենետիկորեն շատ բազմազան էր. այն բաղկացած էր հինգ հիմնական խմբերից՝ բազմաթիվ ճյուղավորված մուտացիաներով:
Ենթադրվում էր, որ ավելի վարակիչ և ագրեսիվ դելտան էլ ավելի բազմազան կլինի։ Սակայն, որքան էլ տարօրինակ է, գիտնականները նկատել են, որ սկզբում մուտացիաները արագորեն կուտակվել են, իսկ հետո հանկարծակի դադարել:
«Մենք ուղղակի ցնցված էինք», - խոստովանել է Նիիգատայի համալսարանի պրոֆեսոր Իսուրո Ինուեն The Japan Times-ին տված հարցազրույցում:
«Թվում է, թե մուտացիաների կուտակման հետ մեկտեղ վիրուսը դարձել է անսարք և կորցրել ինքնապատճենման ունակությունը»: