Հովհաննես Իշխանյանին երեկ բերման են ենթարկել՝ ֆեյսբուքյան գրառումից հետո. «Փաստինֆո»
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, 44 օրվա պատերազմի մասնակից Հովհաննես Իշխանյանին երեկ բերման են ենթարկել՝ իշխանության զավթումը նախապատրաստման կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հենց ինքը՝ Հովհաննես Իշխանյանը։
Նկատենք, որ նման գնահատական իրավապահները տվել են նրա ֆեյսբուքյան գրառումը, որով նա կոչ էր արել բոլոր ուժերին և հեղինակություն ունեցող անձանց՝ իրենց բաժին կոչն անել՝ Թուրքիայի ներկայացուցիչերին Հայաստանից հեռացնելու համար։
Իշխանյանին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նշված գրառումը կատարելուց հետո, սակայն մեր զրուցակցի կարծիքով, գրառումից զատ ազդեցություն է ունեցել նաև իր նկարահանած «Մարդ էղի» ֆիլմը, որի ցուցադրումը եղել էր օրերս։
«Երևի «դոզան» շատ է եղել, ուզել են ինչ-որ վատություն անել»,- նշել է Իշխանյանը՝ պատմելով, որ իրեն Հրապարակից բերման են ենթարկել մոտ 6-7 հոգով, ընդ որում՝ քաղաքացիական հագուստով։
Բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողներն Իշխանյանին չեն հայտնել, թե ինչ հիմքով են բերման ենթարկում, միայն ոստիկանական բաժանմունքում են ասել, որ քրեական գործ կա հարուցված, իրենց բերման են ենթարկել՝ իշխանությունը զավթելու փորձի նախապատրաստության կասկածանքով։
«Կասկածյալ եմ, մեղադրանք չկա առաջադրված»,- նշել է Իշխանյանը։
Ոստիկանության բաժանմունքում Իշխանյանը բացատրություն չի տվել։ Նշենք, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բերման ենթարկվելու և այլ մանրամասների մասին տեղեկացվել է նաև ՄԻՊ գրասենյակը, ինչից հետո Ոստիկանության բաժանմունքում
Իշխանյանին այցելել են նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։
Դիտարկմանը, որ գրառմամբ կոչ էր արվել ոտքի կանգնել՝ Հայաստանից հեռացնել Թուրքիայի ներկայացուցիչներին, դա՞ է դիտարկվել որպես իշխանության զավթման նախապատրաստում, Իշխանյանն ընդգծեց՝ Հայաստանում Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներն ընդունել են, որ իրենք Հայաստանում Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներ են, դրա համար էլ՝ գործողությունների են դիմել։
Իսկ թե ինչ կարելի է սպասել գործի ընթացքից՝ նկատի ունենալով, որ իշխանությունները, փաստորեն ընդունում են, որ իրենք Թուրքիայի ներկայացուցիչներ են, Իշխանյանը նշեց, որ դա կախված է երկրի իրավիճակից, թե ինչ կնախաձեռնեն։
«Այն, որ իրենք պետք է շուտափույթ, ցանկացած միջոցներով հեռանան, դատապարտվեն իրենց գործած հանցանքների համար, դա մնում է հայ ազգի հիմնական օրակարգը, եթե իսկապես այս ժողովուրդն ուզում է գոյություն ունենալ»,- նշել է Իշխանյանը։