Հացն էլ շուտով տեղ կհասնի. Բարձրավան գյուղի բնակիչները լուրջ խնդիրների առաջ են կանգնած

Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղ այսօր Գորիսից են հաց ու բժշկական պարագաներ տեղափոխել։ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանն այսօր անձամբ է մասնակցել բնակիչների ու մանկապարտեզի համար առաջին անհրաժեշտության պարագաների տեղափոխմանը, ծանոթացել նաև նորակառույց այլընտրանքային ճանապարհին ու խնդիրներին։ Բարձրավան ղեկավար Օնիկ Ավագյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իրերը տեղ ն հասել, հացն էլ՝ ճանապարհին է։ 

«Ինչ- որ պետք է ՝ առաջին անհրաժեշտության իրերը հասցրել, բերել է։ Հացն էլ շուտով տեղ կհասնի։ Սննդի հետ կապված գյուղացին խնդիրներ չունի՝ հիմնականում հաց, սուրճ , նման բաներ։ Դրանք ընթացքում կազմակերպում ենք, լուծում։ Այս պահի դրությամբ մանկապարտեզի համար օրապահիկ սննդի խնդիրներն ենք լուծել։ Գյուղում նաև ունենք առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց համար դեղորայք է անհրաժեշտ եղել, դա են տեղ հասցրել։ Ինչ -որ ժողովուրդը դիմել է՝ առաջնահերթ, դա արվել է»։

Կարեն Քոչարյանն անհրաժեշտ իրերը հասցնելուց ու խնդիրներին ծանոթանալուց հետո Բարձրավանից ուղևորվել է Շուռնուխ: Բարձրավանի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ճանապարհների հետ կապված իրավիճակը նույնն է՝ փոփոխություն չկա։ Իր պահանջով տեխնիկա է տեղափոխվել գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ՝ դժվար անցանելի հատվածում ասֆալտապատման աշխատանքները հնարավորինս շուտ վերջացնելու համար։

«Գյուղացիների միջոցով չի արվում, սա կառավարության ծրագրով է արվում, ուղղակի ես եմ պահանջել։ Այդ այլընտրանքային ճանապարհը Տաթևի կողմից պետք է հասնի դեպի գյուղ։ Այդ հատվածի հիմնական անանցանելի մասը գյուղից սկսվող հատվածն է՝ 2 կմ։ Ես եմ պահանջել, որ իջնեն սկզբում այս հատվածը սարքեն, որ հետագայում եղանակային պայմանները խնդիրներ չառաջացնեն։ Հիմա որքանով հնարավորությունը թույլ է տալիս, այստեղ աշխատենք, այս հատվածը սարքենք։ Տեխնիկան իջել է, այդ հատվածի վրա աշխատում են»։

Դպրոցում ու մանկապարտեզում այսօր դասերը ամեն կերպ փորձել են կազմակերպել՝ չնայած Գորիսից եկող ուսուցիչները չեն կարողացել երեկ հասնել աշխատանքի։

«Այս պահին աշխատում է։ Երեկ խնդիր է եղել ուսուցիչների տեղափոխման հետ կապված, չեն ներկայացել՝ դրսից եկողները միայն։ Այսօրվա դրությամբ Գորիսից եկել են ուսուցիչները այլընտրանքային ահավոր վիճակի ճանապարհով, կազմակերպել են ու հասել են։ Տեսնենք վաղը ոնց կդասավորվի»։

Հացի խնդիրը այսօր լուծված են համարում, իսկ հետագայում անանցանելի այլընտրանքային ճանապարհով շտապ երթևեկելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանապահների հետ։ Վերջիններս մեքենա են տրամադրելու բնակիչներին՝ Գորիս հասնելու ու վերադառնալու համար։

«Սահմանապահները եկել են այստեղ, խնդիրների մասին խոսել ենք՝ գնալու-գալու համար։ Իրենք մեքենաներ են մեզ տրամադրելու, որով գյուղացիները կգնան Գորիս ու գան։ Նախապես օր կպայմանավորվեն, որ այդ օրը մեքենա տրամադրեն, բնակիչներին տեղափոխեն՝ քաղաք առևտուր անեն ու հետ վերադառնան։ Պայմանավորվել ենք։ Մարդիկ պատրաստակամ են մեզ օգնեն»։ Ավագյանի փոխանցմամբ՝ բարձրավանցիներից որևէ մեկն այսօր Գորիս չի ուղևորվել։

Քաղաքականություն