Քաղաքականություն

Հնարավոր էր այս հարցի շուրջ բանակցել, բայց գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը. Փաշինյան

Unknown 476 դիտում
Հնարավոր էր այս հարցի շուրջ բանակցել, բայց գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը. Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս այս տարվա օգոստոսին Ադրբեջանը Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իրեն պատկանող հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր ներկայացնում:

 

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում ենք ստացել, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերվանից նրանք պատրաստվում են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ: Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղավնի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ»:

Փաշինյանը տեղեկացրեց՝ Տաթև-Աղավնի ճանապարհն ասֆալտապատվել է և շահագործման հանձնվել նախորդ շաբաթ. «Նախորդ հինգշաբթի ես այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել: Կարող եմ վկայել՝ ստացել ենք որակով ճանապարհ»:

Վարչապետի խոսքով՝ Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհին տեսել է մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ իրանական։

 

«Երեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար»,- ասաց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց՝ նոր երթուղիով դեպի Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում. «Խոսքը Էյվազլիի տարածքի մասին է: Հիմա կարող է հարց առաջանալ՝ հնարավոր չէ՞ր բանակցություններ վարել այս հարցի շուրջ: Այո, հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը մեզ համար անընդունելի է»:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հավաստիացրեց, թե երբևէ չեն քննարկել ու չեն քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչն արձանագրված է փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։

«Վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև ՌԴ-ն։ Հենց այդ համատեքստում է Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով։ Շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանը նույնպես կտեղադրի անցակետեր. «Այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ համար կարևոր է պահպանել սառնասրտություն, ունենալ ամուր նյարդեր»,- նշեց Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250