Հնդկաստանում զբոսաշրջիկների ավտոբուս է հրդեհվել. կան տասնյակ զnհեր

Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդում է Hindustan Times-ը։


Դեպքը տեղի է ունեցել, երբ Հայդարաբադից Բանգալոր ուղևորվող «Kaveri Travels» ավտոբուսը, որի մեջ գտնվում էր մոտ 44 ուղևոր, ազգային մայրուղու վրա բախվել է մոտոցիկլետի։


«Մոտոցիկլետը խրվել է ավտոբուսի տակ և հարվածել վառելիքի բաքին, ինչի հետևանքով անմիջապես պայթյուն է տեղի ունեցել, և բոցը արագ տարածվել է ամբողջ ավտոբուսով մեկ», - հայտնել է ոստիկանությունը։


Ուղևորների մեծ մասը քնած է եղել, երբ վթարը տեղի է ունեցել։ Ոմանք արթնացել են, կոտրել պատուհանները և դուրս ցատկել, բայց շատերը մնացել են ներսում, քանի որ բոցը մի քանի րոպեում կլանել է ամբողջ ավտոբուսը։ Տեղի բնակիչները շտապել են դեպքի վայր և փորձել փրկել զոհերին՝ նախքան հրշեջների ժամանումը։


Ոստիկանությունը հետաքննություն է սկսել վթարի հանգամանքների վերաբերյալ՝ կասկածելով, որ հրդեհի պատճառը կարող էին լինել անզգույշ վարելը և վառելիքի արտահոսքը: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդները վթարից անմիջապես հետո փախել են դեպքի վայրից: Նրանց դեռևս որոնում են:

Քաղաքականություն