«Եթե դեմ չեք, 3-րդ դասարանի թվաբանությամբ ձեզ մի քիչ ծանրաբեռնեմ». Թունյանը՝ տնտեսական աճի մասին

Թե՛ 2020 թվականի համար բյուջեով ֆիքսված 7% տնտեսական աճի, թե՛ կառավարության 2021-2026թթ. ծրագրում նշված 7-9% տնտեսական աճի դեպքում խոսքը գնում է ԻՐԱԿԱՆ տնտեսական աճի ցուցանիշի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգաավոր Բաբկեն Թունյանը: 

«Քանի որ առանձին այս մասին շատ են հարցնում, ասեմ: 

Թե՛ 2020 թվականի համար բյուջեով ֆիքսված 7% տնտեսական աճի, թե՛ կառավարության 2021-2026թթ. ծրագրում նշված 7-9% տնտեսական աճի դեպքում խոսքը գնում է ԻՐԱԿԱՆ տնտեսական աճի ցուցանիշի մասին: 

Այսինքն՝ ՀՆԱ-ի դեֆլյատորով ճշգրտված տնտեսական աճի մասին, առանց գնաճի էֆեկտի: 

Միշտ է այդպես եղել. թե նախկինում, թե հիմա, թե ապագայում «տնտեսական աճ» ասելիս խոսքը իրական աճի մասին է: 

Ինչո՞ւ: Օրինակով պարզաբանեմ: Եթե դեմ չեք, 3-րդ դասարանի թվաբանությամբ ձեզ մի քիչ ծանրաբեռնեմ: 

Եվ այսպես, Ֆերմերն աճեցնում է կարտոֆիլ և լոլիկ: Նախանցած տարի նա աճեցրել է 500 կգ կարտոֆիլ, վաճառել կգ-ը 200 դրամով, և 400 կգ լոլիկ՝ կգ-ը 300 դրամով: 

Հասույթը կազմել է 220 հազար դրամ: 

Անցած տարի աճեցրել է 520 կգ կարտոֆիլ, 390 կգ լոլիկ: Սակայն գներն աճել են. կարտոֆիլը վաճառել է 250 դրամով, լոլիկը՝ 330 դրամով:  
Հասույթը կազմել է 258.7 հազար դրամ: 

Անվանական առումով ֆերմերի տնտեսությունն աճել է 38.7 հազար դրամով կամ 17.6%-ով: 

Եթե մենք չիմանայինք կարտոֆիլի ու լոլիկի ծավալների և գների փոփոխության մասին, և հիմնվեինք միայն այս 17.6%-ի վրա, մեր պատկերացումը ֆերմերի տնտեսության իրական վիճակի մասին լիարժեք չէր լինի: Կմտածեինք՝ գործ ունենք սրընթաց աճի հետ: 

Լիարժեք հասկանալու համար պետք է համադրելի գներ կիրառենք: Հաշվենք՝ որքան կլիներ ֆերմերի հասույթը, եթե նա կարտոֆիլն ու լոլիկը վաճառած լիներ անցած տարվա գներով: Կամ, պայմանական ասած, հասույթը ճշգրտենք «դեֆլյատորով»: 

Կստացվի՝ 221 հազար դրամ (520կգ x 200դր + 390կգ x 300դր): 

Իրական աճն էլ կստացվի ընդամենը հազար դրամ կամ 0.4%: 

Եվ կհասկանայինք, որ ֆերմերի տնտեսությունն աճել է ոչ թե 17.6%-ով, այլ կարելի է ասել, չի աճել: 

Ահա ճիշտ նույն տրամաբանությամբ, Վիճակագրական կոմիտեն ճշգրտում է մեր ՀՆԱ-ի աճը ամբողջ տնտեսության համար՝ հաշվի առնելով բոլոր ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունը, և «մաքրելով» գնաճի էֆեկտը՝ հրապարակում իրական տնտեսական աճի ցուցանիշը:Նույնը անում է առանձին ոլորտների աճերի դեպքում: 

Այլապես մենք չէինք կարողանա հասկանալ՝ տնտեսությո՞ւնն է իրոք աճել, թե՞ գները: Դրա համար է կարևոր իրական աճի ցուցանիշի հրապարակումը, անկախ նրանից՝ այն լավն է, թե վատը: 

Իսկ տնտեսական քաղաքականության նպատակը իրական աճն է, հավելյալ արժեք ստեղծելն ու դրա արդյունքում մարդկանց բարեկեցությունը ավելացնելը»,- գրել է նա: 

 

Քաղաքականություն