ԱՄՆ–Իրան պատմական համաձայնագի՞ր․ Թրամփը խոսում է շրջափակման ավարտի մասին
Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ինչպես նաև պայմանավորվածություն՝ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, կրակի դադարեցման շուրջ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման և Իրանի նկատմամբ ծովային շրջափակման դադարեցման մասին։ Թեհրանը նույնպես հաստատել է այդ տեղեկությունը։ Միաժամանակ, համաձայնագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
«Ինտենսիվ բանակցությունների արդյունքում ուրախ ենք հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման մասին։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցման մասին», - X սոցիալական ցանցում գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը նախատեսված է ուրբաթ՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայում։
Պակիստանը, որը միջնորդի դեր է կատարում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում, շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին և Թեհրանին, ինչպես նաև Կատարին, Սաուդյան Արաբիային և Թուրքիային, որոնք մասնակցել են համաձայնության ձեռքբերմանը։
«Այժմ, երբ համաձայնությունը ձեռք է բերվել, միջնորդները այս շաբաթ կկազմակերպեն մի շարք հանդիպումներ։ Դրանք հիմք կդառնան տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության նախապատրաստման համար», - հավելել է Շարիֆը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ «Իրանի հետ համաձայնագիրը ավարտված է»։
«Շնորհավորում եմ բոլորին։ Սույնով ես լիովին արտոնում եմ Հորմուզի նեղուցի անվճար բացումը և միաժամանակ հաստատում եմ ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացվող ծովային շրջափակման անհապաղ դադարեցումը։ Աշխարհի բոլոր նավերը կարող են կրկին դուրս գալ ծով։ Թող նավթը հոսի», - նշել է նա։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը կբացվի Իրանի հետ համաձայնագրի պաշտոնական ստորագրումից հետո։