ԵՊՀ-ն ՔՊ-ականացնում են․ Մենուա Սողոմոնյան

«Սա հերթական արարն է, հերթական քայլն է՝ այդ տխրահռչակ քաղաքական ուժի ինքնավերատադրությունը ապահովելու համար»,- News.am-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը` անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություններին և մայր ԲՈՒՀ-ում իրականացվող փոփոխություններին։  

«Եթե իրենք նախկինում այն հանգամանքից ելնելով, որ Սերժ Սարգսյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ասում էին, որ համալսարանը «հանրապետականացնում» են, հիմա ես ասում եմ` դուք էլ համալսարանը ՔՊ-ականացնում եք` թքելով բոլոր օրենքների, բոլոր կանոնների, անգամ Սահմանադրության վրա, որովհետև այս ամբողջ գործընթացն ապօրինի է եղել: Ապօրինի է եղել այն պատճառով, որ գործող իշխանությունների կողմից մեծ մասնակցություն ունենալը համալսարանի կառավարման մարմինների ստեղծման գործում, այդ դրույթները, որոնք դուք զետեղել էիք բարձրագույն կրթության և գիտության մեջ և դրա հիմքով հակասահմանադրական էր ճանաչվել, դուք շարունակեցիք այդ նույն գործելակերպը և միակողմանիորեն կառավարությունը կատարեց համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ` այդ թվում վերացնելով պրոֆեսորի կոչումի պահանջը՝ ռեկտորի պաշտոնի համար: Այս փոփոխությունը տեղի ունեցավ միանձնյա, այսինքն՝ ԲՈՒՀ-ի ինքնավարության սկզբունք կոպտագույնս խախտվեց»,- ասել է նա: 

Սողոմոնյանի խոսքով՝ ռեկտոր է նշանակվել քաղաքական ուժի ներկայացուցիչ, նրա հովանու ներքո էլ իրականացվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմավորման գործընթացը: 

«Մի շատ կարևոր բան հաշվի չեն առել․ որ ես հայց էի ներկայացրել և՛ քաղաքացիական, և՛ վարչական դատարան: Քաղաքացիական և վարչական դատարանները մերժեցին վարույթ ընդունել և արգելանք դնել այդ որոշումների վրա, մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, որը բավարարեց մեր հայցը»,- ասել է Սողոմոնյանը՝ շեշտելով, որ այսօր կայացած նիստը ապօրինի է: 

Հիշեցնենք՝ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։  

ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը նիստի ընթացքում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նիստն ապօրինի է։ Նա Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարումը, որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նույնպես անօրինական էր համարել։  

 

Քաղաքականություն

Պատահարներ