20 ու ավելի տարվա սպան չունի սեփական բնակարան». ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե բողոքների առումով շեշտակի աճ ունեն:
 

«Եթե, օրինակ, 2015-ին եղել է 2500 բողոք, ապա 2020-ին 14 հազար 780 է, բայց, եթե, օրինակ վերցնենք 2020 թվականի այս նույն ժամանակահատվածը, մենք ունեցել ենք 11 հազար 598 անձից բողոք, իսկ 2021 թվականի այս նույն ժամանակահատվածում բողոքների թիվը 16 հազար է», - ասաց Թաթոյանը:
Նա նշեց, թե գրավոր-բողոքների թիվն այս տարի 6 հազար 450 է, ինչը երկու անգամ ավելացել է։ Ավելացել են նաև թեժ գծի զանգերը:
 

«Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պետք է զարգանա դինամիկ ու ուժեղացնի ազդեցությունը, ինչ մենք անում ենք Զինված ուժերում ՄԻՊ հարցերում», - ասաց նա:
 

Թաթոյանի խոսքով՝ զինծառայողների անվճար բուժօգնության հարցերը գլխավոր ոլորտներից է:

«Ես խնդրում եմ ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը կամ այս ոլորտում հետևողականությունը անվճար բուժօգնության հետ կապված այն զինծառայողների նկատմամբ, որոնք զորակոչից ազատվել կամ զորացրվել են, բայց, քանի որ ունեցել են հիվանդություն, չեն վիրահատվել ու խնդիրներ են ունենում», - ասաց ՄԻՊ-ը:

Նա պնդեց՝ պետք է նախապես զորակոչիկին հետազոտել, առողջական վիճակի հարցերը պարզել, նոր՝ զորակոչել բանակ:

Թաթոյանն ասաց, թե վերջին տարիներին զգալիորեն բարելավել է զորակոչի կազմակերպման հետ կապված հարցերը:

«Պաշտպանության նախարարության հետ կարևորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը» - նշեց նա:

Արման Թաթոյանի կարծիքով՝ առաջնային խնդիրներից է մնում զինվորականների բնակարանային հարցը:

«Ստացվել է այնպես, որ 20 ու ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան, այլ բնակվում է վարձակալությամբ ու բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված է լինում վճարել իր գրպանից՝ աշխատավարձի հաշվին», - ասաց նա:

Քաղաքականություն