«Pfizer» պատվաստանյութը Հայաստանում կլինի դեկտեմբերի՞ն.ArmDaily

Դեռ հուլիսի 29-ին Կառավարության նիստին Առողջապահության նախարարությունը պահուստային ֆոնդից 3 մլրդ 459 մլն դրամ է ստացել՝ կորոնավիրուսի համար նոր պատվաստանյութեր ձեռք բերելու նպատակով։ Այդ գումարով նախատեսվել էր ձեռք բերել չինական Sinopharm և ամերիկա-գերմանական Pfizer-Biontech պատվաստանյութերը, որոնցով, ըստ նախարարության, պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով:

Օգոստոսի 18-ին Հայաստան ներկրվել է 200 000 դեղաչափ Sinopharm՝ 100 000 անձի համար, իսկ հոկտեմբերի 18-ին՝ 200 հազար դեղաչափ։

Նշենք, որ, Pfizer-ը պահպանման հատուկ պայմաններ է պահանջում, մասնավորապես անհրաժեշտ է մինչև -70 աստիճան ապահովող հատուկ սառնարաններ։ Սկզբում այդ հատուկ սառնարանների պատճառով պատվաստանյութը չէր լինում բերել, բայց դեռ հուլիսին Առողջապահության նախարարությունը լուծել էր այդ հարցը, իսկ պատվաստանյութը դեռ Հայաստան չի ժամանել։

ArmDaily.am-ին տեղեկություններով՝ «Pfizer» պատվաստանյութը Հայաստանում կլինի դեկտեմբերին։

Մենք դիմեցինք Առողջապահության նախարարություն՝ պարզելու պատվաստանյութի ձեռքբերման ժամկետները, սակայն մեզ հայտնեցին, որ դեռ բանակցություններ են գնում, կոնկրետ ժամկետ հայտնել չեն կարող։

Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ սեպտեմբեր ամսին պատվաստանյութը արդեն կլինի Հայաստանում։

Pfizer-ը ևս հասանելի կլինի բոլոր ցանկացողներին, և տարիքային կամ խմբային սահմանափակումներ չեն լինի։ Նշենք, որ Pfizer պատվաստանյութը ևս ներարկվում է 2 դեղաչափով, նվազագույն միջակայքը 21 օր է, առավելագույնը՝ 42 օր։

Քաղաքականություն