30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել այս տարի. ռեկորդ ենք խփում. էկոնոմիկայի նախարար

Այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք ունեցել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով արդեն 30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, և նման թիվ երբևիցե չի եղել։

«Հայաստանը փակ երկիր չէ և հաղորդակից անոթներով միացած է մեզ հետ նույն տնտեսական միության մեջ գտնվող երկրների հետ։ Եթե այդ երկրներում պահանջարկն աճում է, դա անդրադարձ է ունենում նաև մեր տեղական արտադրանքի գների վրա»,-ասաց նախարարը՝ անդրադառնալով կարտոֆիլի գնի բարձրացմանը։

Վահան Քերոբյանը նշեց, որ ֆերմերներին չպետք է զրկեն իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, և եթե հնարավորություն կա ավելի բարձր գնով արտահանել, ուրեմն ճիշտ գինը դա է։

«Թարմ գյուղմթերքը հիմնականում արտահանվում է եվրասիական տնտեսական միություն։ Այս տարի շատ լավ արդյունքներ ունենք։ Այս պահի դրությամբ արդեն մոտ 180 հազար տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել։ 25-30 տոկոսով ավել ենք արտահանել, քան նախորդ տարի»,-ասաց Վահան Քերոբյանը։

Քաղաքականություն