
Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզած տղամարդու գործով մեղադրական վճիռ է կայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզած տղամարդու գործով մեղադրական դատավճիռ է կայացվել։ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզելու մեջ մեղադրվող Սարգիս Ջանբազյանին և նրան դատապարտել ազատազրկման՝ վեց ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։
Դատարանը որոշել է մեկ տարի ժամկետով փորձաշրջան սահմանել, իսկ ամբաստանյալի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի վրա: Փորձաշրջանի կրման ժամկետի սկիզբը կհաշվարկվի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում հաշվառման վերցնելու օրվանից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2021թ մայիսի 09-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում։ Սարգիս Ջանբազյանը ներկայանալով Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցում տեղակայված «Իմիջ ՄԳ» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը կրող վահանակի մոտ որոշել է հրկիզել այն: Վերջինս մետաղալարին լաթի կտոր ամրացնելով և նրանում քար փաթաթելով՝ այն նետել և անցկացրել է վահանակի վրայով, որից հետո կտորը դյուրավառ հեղուկ հանդիսացող բենզինով թաթախելուց հետո լուցկիով այրել է այն և բարձրացրել վեր՝ այդ միջոցով հրկիզելու դիտավորությամբ ոչնչացրել հիշյալ պաստառը՝ պատճառելով ընկերությանը զգալի չափերով 85.050 դրամ գումարի գույքային վնաս։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց։