
Ջրային ռեսուրսներն ավելի են թանկանալու. ինչ է առաջարկում Փաշինյանը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայամանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման անհրաժեշտությամբ։
«Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք հանդիսանում են ՋԸՕ-ի անդամներ և մինչև 3 հա տարածքներում կաթիլային ոռոգման համակարգում ներդրում կկատարեն, 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում կստանան։ Սխեման պարզ է, պետք է հողատարածքն ընդգրկված լինի ՋԸՕ-ի կողմից սպասարկվող տարածքում, պետք է ունենա պայմանագիր»,-ասաց Գնել Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց՝ սա իրենց նախընտրական խոստումներից է։ Վարչապետը նշեց՝ ոռոգման այն մեթոդը, որը Հայաստանում օգտագործվում է, ապագա չունի, քանի որ ջրային ռեսուրսներն աստիճանաբար ավելի են թանկանալու և դառնալու են ավելի պահանջված։
«Պետք է հասկանանք, որ ավանդական ոռոգման ձևերն ապագա չունեն և ամեն ինչ պետք է անենք, որ ամբողջ հանարապետությունն անցնի կաթիլային ոռոգման։ Դրան զուգընթաց պետք է աջակցենք, որ այգիների բովանդակությունը փոխվի և ավելի ինտենսիվ գյուղատնտեսության ուղղությամբ գնանք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։