Վրաստանում հոկտեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների: ՏԱՍՍ ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խոր ցավ եմ ապրում Բաթումում տեղի ունեցած ողբերգության հետ կապված, ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին և մտերիմներին: Նրանց հետ միասին սգում է նաև ողջ Վրաստանը:
Իմ որոշմամբ՝ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին, Վրաստանում սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ զոհերի»,- գրել է Վրաստանի վարչապետը
ու հայտնել, որ պետությունն օգնություն կտրամադրի տուժածներին:
Sputnik Georgia-ի հաղորդմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ը փլուզման գործով բերման է ենթարկել երեք հոգու՝ առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը և վերանորոգման աշխատանքներ կատարող երկու վարձու աշխատողների: Գերատեսչության հաղորդմամբ՝ վերանորոգման աշխատանքները անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ են իրականացրել, ինչն էլ բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզման պատճառ է դարձել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Բաթումիում փլուզվել է հինգհարկանի շենքի մի մասը, որի հետևանքով, վերջին տվյալներով՝ վեց մարդ մահացել է: