Կարեն Վրթանեսյանը՝ սահմանամերձ գյուղերը զինելու մասին

Վերջին օրերին իշխող կուսակցության ներկայացուցիչները օրենսդրական նախագիծ մշակելու նպատակով համացանցում կարծիքներ են հավաքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զինելու հարցի առնչությամբ։ 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զինելու գաղափարը վաղուց կա, ավելին՝ դեռևս 2017 թվականին վտանգավոր հատվածներում գտնվող որոշ համայնքներում տեղի բնակիչների ինքնապաշտպանական պոտենցիալը ուժեղացնելու ծրագրեր իրականացվել են։ Իրականացվել են առանց ավելորդ աղմուկի և գովազդի։ «44-օրյա պատերազմի ընթացքում բնական է, որ վտանգված ուղղություններում գտնվող համայնքներում ինքնաբուխ կերպով ինքնապաշտպանական խմբեր կամ ջոկատներ ստեղծվեցին, որոնց մի մասը շարունակում էր մարտական հերթապահություն իրականացնել նաև պատերազմից հետո։ Ցավոք, ներկա իշխանությունները պատերազմից հետո, օրինակ՝ Սյունիքում, այդ մարդկանց ստիպեցին հանձնել բարձունքները, ադրբեջանական կողմի հետ «բանավոր ըմբռնմամբ», ինչպես ավելի ուշ անձամբ խոստովանեց Նիկոլ Փաշինյանը։ Ներկա իշխանությունները հանձնեցին բարձունքները, ռազմավարական ճանապարհներ, թշնամուն թողեցին մոտենալ Կապանի մատույցներ, հատել անպաշտպան սահմանը և դիրքեր դնել Սյունիքի և Գեղարքունիքի տարածքներում։ Ավելին՝ ելնելով նեղ կուսակցական նկատառումներից սահմանամերձ ինքնապաշտպանական այդ ջոկատներից շատերը զինաթափեցին, իսկ ինքնապաշտպանության ղեկավարների մի մասն էլ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերով մեղադրյալների կարգավիճակ ունեն։ Այսքանից հետո սահմանամերձ գյուղերը զինելու մասին ինչ-որ օրենսդրական նախագծերից խոսելն իշխանության կողմից, ես դիտարկում եմ զուտ որպես ինքնագովազդի, հերթական քարոզչական ծամոնը մեդիադաշտ նետելու փորձ»։ 

Վրթանեսյանն ընդգծեց, որ այդ մարդկանց զինելու և սահմանային ինքնապաշտպանական կառույցներ ստեղծելու համար օրինական մեխանիզմներ կան, նոր օրենքներ պետք չեն։ «Այդ թեման ԱԺ բերելը և քննարկման առարկա սարքելն, իմ կարծիքով, զուտ իշխանությունների հերթական քարոզարշավն է»։ 


 

Քաղաքականություն