Ալիևին և Հայաստանի թշնամական շրջանակներին Փաշինյանը հստակ խոստումներ է տվել․ Աննա Մկրտչյան․ 168 TV

 

«Երբ ասում է, որ պետք էր չէր հաղթել, դրանով ասում է, որ ինքն ինչքան ուզենա՝ կարող է մնալ իշխանության ՝ուրիշին չհաղթելու, բայց հայ ժողովրդին հաղթելու գնով, միևնույն ժամանակ վախեցնելով այդ նույն ժողովրդին»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով վարչապետի երեկ Հանրապետության հրապարակում ունեցած ելույթին։  

 

Հարցին՝ արդյո՞ք «պետք չէր հաղթել» ձևակերպումն ուղղված էր նաև Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ առ այն, որ հայ ժողովուրդը ռևանշի չի գնալու, Աննա Մկրտչյանը պատասխանեց.

 

«Փաշինյանը վախեցած է Էրդողանից ու Ալիևից. նրանց որևէ քայլի որևէ կերպ չի կարող պատասխանել։ Այս վախի դրսևորումն է այն, որ Ալիևի կողմից եղավ արգելք հայկական տեղանուններն օգտագործելու, ինչին հաջորդեց Փաշինյանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անվանումներով հնչեցնելը, ուստի Փաշինյանը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում։ Սակայն սա դեռ ամենը չէ՝ հիմա էլ հասել ենք մի իրավիճակի, որ Էրդողանի կոշիկներն է լիզում, Էրդողանն էլ մտածում է՝ դրանից հետո Փաշինյանի հետ հանդիպի՞, թե՞ ոչ։ Ալիևին և Հայաստանի թշնական շրջանակներին Փաշինյանը հստակ խոստումներ է տվել՝ հայկական շահը առաջ չտանելու վերաբերյալ, և հիմա նա այդ մեսիջներն է առաջ տանում։ Ինչ վերաբերում է երեկ նրա կողմից բարձրաձայնված խաղաղության օրակարգին, ապա նա հայկական երկու պետությունների հաշվին Ադրբեջանին կտա ամեն ինչ, ինչ կցանկանան. կլինի միջանցքի՞ տեսքով, թե՞ Հայաստանում ադրբեջանական ծանր զինտեխնիկայի ներկայության. սա Նիկոլի համար խնդիր չէ»,- ասաց Մկրտչյանը։

 

Խոսելով 168.am-ի հրապարակումներից մեկի մասին, ըստ որի, երեկվա գունագեղ լուսային շոուի համար ՀՀ իշխանությունները դրոններ են պատվիրել Ռուսաստանից, և 10 րոպեի վարձակալությունն արժեցել է 110 000 ԱՄՆ դոլար, Աննա Մկրտչյանը հարց ուղղեց իշխանություններին.

«Բա եթե այդքան գումար ունեիք, ինչո՞ւ պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներին միանգամից չեք տալիս այն օգնությունը, որոնք նրանք պետք է ստանան, կամ ինչո՞ւ են Հայաստանի սահմաններն այդ վիճակում։ Ի՞նչ է՝ գումարներ եք հայթայթում միայն սեփական աչքի համար լավ տեսարաններ ապահովելու համա՞ր՝ իհարկե, Արցախի և Հայաստանի պետականության, հազարավոր զոհերի հաշվին»։

Իսկ երեկվա միջոցառման ընթացքում Արցախի մասին որևէ հիշատակում չանելը Աննա Մկրտչյանը պայմանավորեց Ալիևին և Էրդողանին Փաշինյանի տված խոստումներով։

«Փաշինյանը Դուշանբեում մի շարք հանդիպումներ է ունեցել, որտեղ որևէ տեղ չի խոսել այն մասին, որ թուրք-ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստան, չի խոսել նաև հայ գերիների տանջամահ լինելու մասին։ Վերելակային հանդիպումից հետո հերթական անգամ Դուշանբեում հանդիպում է կայացել, և հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում նրան ստորագրել հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Փաշինյանն ամեն ինչ պետք է անի՝ ընդդեմ հայկականության՝ շարունակելու իր անխոչընդոտ իշխանությունը»,- ասաց Մկրտչյանը՝ շեշտելով, որ Փաշինյանի անխոչընդոտ իշխանավարումն ապահովում են Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը։

«Սակայն, դրանով հանդերձ, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանությունը հողատու է և դավաճան, պնդում ենք՝ հանցագործը չի կարող քննել հանցանքները։ Մեր միակ օրակարգն է՝ սրանց վռնդելը բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց նա։

Քաղաքականություն