ՍԴ որոշումն անմիջականորեն առնչվում է «Քաղաքացիական պայմանագրի» շահերին. Գրիգորյան
Սահմանադրական դատարանում քննվող գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը պայմանավորված է նրանով, որ դրա արդյունքն անմիջականորեն առնչվում է քաղաքական ուժի շահերին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Սուրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացին և պարզաբանելով, որ քննվող գործի հիման վրա է արձանագրվել խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած և իշխանություն կազմած ՔՊ կուսակցության հաղթանակը։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցած և դիմումատու հանդիսացող մյուս յոթ ուժերը նույնպես «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված կարգով կարող էին դիմում ներկայացնել, եթե ցանկանային ներգրավվել գործում, սակայն, որքանով ինքը տեղյակ է, նման դիմում չեն ներկայացրել։
Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի թեկնածության ներկուսակցական քվեարկությանը՝ Գրիգորյանը նշել է, որ ինքը չի մասնակցել դրան, քանի որ վարչության անդամ չէ, սակայն բարձր է գնահատել գործընկերների աշխատանքն ու հնարավորությունները։ Նա ընդգծել է, որ Ալեն Սիմոնյանն անցած հինգ տարիների ընթացքում փայլուն աշխատանք է կատարել որպես ԱԺ նախագահ, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ Ռուբեն Ռուբինյանը նույնպես շատ բարձր մակարդակի խորհրդարանի ղեկավար կլինի Ազգային ժողովի կողմից ընտրվելուց հետո։
Խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և որոշ դատավորների՝ նախկինում կուսակցական պատկանելության պատճառով որոշումները կասկածի տակ դնելու վերաբերյալ՝ բանախոսը հրաժարվել է անձնական մեկնաբանություններից՝ հիշեցնելով միայն իրավական կողմը։ Նա փաստել է, որ երկու դատավորի գործի քննությանը մասնակցելու անհնարինությունն արդեն իսկ արձանագրվել է հենց Սահմանադրական դատարանի կողմից, իսկ մեկ այլ դատավորի վերաբերյալ ներկայացված միջնորդությանը դատարանն իր որոշմամբ արդեն անդրադարձել է, ուստի ինքն այդ մասով լրացուցիչ մեկնաբանություն չունի։