
Ավագ պարեկը Ford մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհահատվածից և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ford–ը վարել է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Լաերտ Հայրապետյանը, ում, երբ տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ պարզելու սթափության աստիճանը, այնտեղ մի իսկական շոու է սարքել, թե ովքեր են ոստիկանները, որ ինձ տանեն խմածություն որոշեն: Նա հայտնել է նաև, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենան իր համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ոստիկաններին ասում էր, որ իր ավտոմեքենայի մեջ տեսանկարահանող սարք է տեղադրված, կարող են ստուգել: Ոստիկանությունը պարզում է Chevrolet-ի վարորդի ինքնությունը: Որոշ ժամանակ անց ավագ պարեկ Լ. Հայրապետյանը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: