ԱԳՆ-ի պատասխանը` տարածքների փոխանակման հարցին. «Հետք»

Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ «Հետք» պարբերականի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։  

Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն է եղել։ 

«Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա»,–ասել են գերատեսչությունից։  

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանի ապօրինի խախտման փաստով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պարբերականին ասել են, որ տվյալ պահին դեռևս չի դիտարկվում այդ տարբերակը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանը պարբերաբար Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարվող ոտնձգությունների վերաբերյալ։