
ՀՀ-ում 3-ամսյա վարժական հավաքներ կանցկացվեն

2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ՀՀ-ում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում օրեր առաջ տեղադրվել էր «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- նշված է որոշման նախագծում:
Նախագծի հիմնավորումների համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ԶՈւ մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:
Կառավարության որոշումն ընդունելուց հետո իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցից 3 մլրդ 27 մլն 611 հազար ՀՀ դրամ: Ծախսերը կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև ՀՀ կառավարության պահեստային ֆոնդի միջոցների հաշվին: