
Կենդանաբանական այգու «մաֆիան» անմա՞հ է. քաղաքապետարանի սկանդալային որոշումը. lurer. com

Երևանի կենդանաբանական այգու շուրջ սկանդալները չեն դադարում, այսօր էլ լարված իրավիճակը պահպանվում է. այգու աշխատակիցները չեն ցանկանում աշխատել նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աջ ձեռքը համարվող Արևիկ Մկրտչյանի հետ: Բանն այն է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, Խաչատրյանն ու Մկրտչյանը համատեղ են իրագործել մի շարք մութ մեխանիզմներ և սխեմաներ, որոնց վրա Երևանի քաղաքապետարանը և պատկան մարմիններն աչք են փակել: Մասնավորապես, նշվում է, որ Մկրտչյանն անձամբ է միջազգային կազմակերպություններից և անհատ անձանցից դրամահավաքներ կազմակերպել, որոնց ճակատագիրն այնպես էլ անհայտ է մնացել: Այս մասին գրում է lurer.com-ը:
Երևանի քաղաքապետարանն այդպես էլ աուդիտ չանցկացրեց Ռուբեն Խաչատրյանի հեռանալու պահին։ Քաղաքապետարանը չշտապեց նաև փոխել այգու կառավարման համակարգը: Այգու կառավարման խորհուրդ ստեղծելու եւ կանոնադրության մեջ կարգավորումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը գրվեց սառույցին: Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ձեւավորման խոչընդոտներն ու Երեւանի ավագանու որոշումներն անտեսելը դրսեւորվում էին անմիջականորեն տվյալ ոլորտը համակարգող Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի կողմից: Այսօր էլ քաղաքապետարանն այգու ղեկավար է կարգում մի անձի, ով, ըստ էության, կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքների է մասնակցել` լինելով այգու միջազգային կապերի պատասխանատու, բացի այդ՝ ժամանակին ազատվել է պաշտոնից անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմքով: Այն, որ վերջինս որևէ կապ չունի կենդանաբանական այգու և դրա կառավարման հետ, փաստում է նաև իր Linkedin-ում գրանցված էջը:
Ի՞նչ է հայտնի Ռուբեն Խաչատրյանի մութ գործարքների մասին: Այգու աշխատակիցների պնդմամբ՝ Ռուբեն Խաչատրյանը պնդում էր, որ Հայաստանում մասնագետներ չկան, այդ պատճառով կենդանիների բուժման համար նա արտասահմանյան մասնագետների էր հրավիրում, որի համար դուրս էին գրվում շատ մեծ գումարներ: Դուրս գրված գումարների շատ չնչին մասն էր միայն հատկացվում անասնաբույժներին, իսկ տասնապատիկ անգամ շատ ավելի գումարներ անցնում էին Ռուբեն Խաչատրյանին, և այդ ամենը լուրջ կոռուպցիոն սխեմա էր: Սակայն, այդ սխեմայի վրա աչք էին փակում, քանի որ Ռուբեն Խաչատրյանը մտերիմ կապեր ուներ այն ժամանակվա բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:
Մեկ այլ օրինակ՝ կենդանաբանական այգու հանրային տարածքում գործել է ապօրինի «կենդանաբանական այգի»՝ «Կինդեռ զու»: Այդ տարածքում որոշ ժամանակ գործել է վճարովի ծառայություն, որտեղ ապօրինաբար բերվել են տարատեսակ կենդանիներ, և հաստատությունն այդկերպ գումարներ է աշխատել: Քաղաքացիները վճարել են մեկ անձի համար 500 դրամ, մուտք են գործել «Կինդեռ զու»-ի տարածք և շփվել այլ վայրերից բերված, անհայտ ծագման կենդանիների՝ խոզերի, այծերի, կրիաների, կապիկների հետ: Այս ամենի վրա Խաչատրյանը աչք է փակել:
Տեղեկություններ են շրջանառվում, որ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք էր իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու ղեկավարությունը հայտարարում էր, թե կենդանիներն անկել են: Դրա վառ օրինակ էին առյուծների և եղնիկների հետ կապված աղմկահարույց պատմությունները:
Մանրամասները` սկզբանղբյուր կայքում: