ՔԿ-ն ուզում է, որ ևս 2 ամսով Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվի. փաստաբան
«ՔԿ-ն շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»,- հրավիրված ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ղեկավար՝ փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնելով, որ ՔԿ քննիչների խումը 53 հոգուց է բաղկացած՝ Վարդևանյանն ասաց, որ նրանք գործում են հուլիս ամսից և դեռևս դատարանից խնդրում է իրենց հնարավորություն տան նախաքննություն անցկացվի, իսկ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ։
«Միայն սա արդեն բավարար է, որ մենք ասենք, որ իրավաբանությունից դուրս ենք գործում»,- ասաց փաստաբան Վարդևանյանը։
Վարդեւանյանի խոսքով, Սամվել Կարապետյանի այս գործով Վճռաբեկը գործել է տիեզերական արագությամբ:
«Վճռաբեկ դատարանից ելքագրվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին գրություն, որը ստացվել է 2025 թվականի նոյեմբերի 14-ին: Գրության մեջ իբր թվագրված «նոյեմբերի 12» նշված է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 13-ին: Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խմբի ղեկավարը ունեցել է ՎՃռաբեկ դատարանի որոշումը հենց նոյեմբերի 13-ին: Քննիչը ունեցել է որոշումն այնքան վաղ, որ հասցրել է դրան ծանոթանալ, մեջբերումներ կատարել և 2025 թվականի նոյեմբերի 13-ի ժամը 18:27-ին մուտք անել միջնորդությունը», - հայտնել է փաստաբանը։
Ըստ պաշտպանական կողմի, Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունն ապօրինի է։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում։





























