
Էլեկտրոնային հարթակներում մատուցվող ծառայությունները կհարկվեն․ ի՞նչ է իրենից ներկայացնում այս նախագիծը

Հարկային օրենսգրքում ավելացվելու է էլեկտրոնային ծառայություն հասկացությունը, այսինքն` էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները, առցանց մատուցվող ծառայությունները կհարկվեն։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Auroranews-ը կապ հաստատեց Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու, թե ինչ է իրենից ներկայացնում այս նախագիծը։ Մեզ հայտնեցին, որ խոսքը Հայաստանից դուրս գրանցված՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մատուցած ծառայությունների մասին է։ Օրինակ՝ Facebook-ի, Yandex-ի, Google-ի, Apple-ի, Amazon-ի և նման այլ կազմակերպությունները, որոնք Հայաստանում բնակվող ֆիզիկական անձանց ծառայություններ են մատուցում։ Դա կլինի երգեր գնել, ֆիլմեր դիտել, հավելվածներ ներբեռնել, գովազդ տեղադրել և այլն։
ՊԵԿ-ը ստեղծում է համակարգ, որպեսզի միջազգայի ծառայություններին վճարած գումարից այդ ընկերությունները մեր բյուջե գումար փոխանցեն՝ ավելացված արժեքի հարկի տեսքով։
ՊԵԿ-ից նշեցին՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ արվել են, նրանք պատրաստ են համագործակցել։
Ամփոփելով հայտնենք՝ նախագիծը, որը նախատեսվում է գործածության մեջ մտնել 2022 թվականի հունվարից չի տարածվում տեղական ընկերություններին կամ ֆիզիկական անձանց վրա։